ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար Իլհոմ Նեմատովը հայտարարել է, որ ԱՊՀ դիտորդները ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում չեն արձանագրել այնպիսի կոպիտ խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության վերջնական արդյունքների վրա:
Նեմատովն ընդգծել է, որ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպվել ու անցկացվել են ՀՀ Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Անցկացվել են բազմակուսակցականության հիմքով, եղել են բաց ու թափանցիկ: Ընտրական հանձնաժողովն ապահովել է բոլոր միջոցները քաղաքացիների ազատ կամարտահայտության ապահովման համար: Ընտրություններն անցել են ժողովրդական բոլոր չափորոշիչներին համապատասխան:
Ըստ ԱՊՀ դիտորդների՝ ընտրություններին 25 քաղաքական ուժի մասնակցության պարագայում քաղաքացիներին ընտրության լայն հնարավորություն է տրվել: Թերացումները համակարգային բնույթ չեն կրել եւ չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:
«Գիտեք՝ հայկական շատ լավ ասացվածք կա` լուսինն էլ անթերի չի լինում: Այնպես որ, դրանք թերություններ են, որոնք ընտրությունների արդյունքների վրա, իհարկե, չեն ազդել»,- նշել է ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավարը: