ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, եթե այն անմիջապես չվերադարձնի իսրայելցի պատանդներին եւ չփոխանցի զոհվածների մարմինները։
Truth Social սոցիալական ցանցում ամերիկյան առաջնորդը գրել է, որ Իսրայելին տրամադրում է ամեն անհրաժեշտ բան՝ «աշխատանքը ավարտին հասցնելու համար»։ «ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ դուք չեք անում այնպես, ինչպես ես եմ ասում»։
Թրամփը նաեւ հայտնել է, որ հանդիպել է նախկին պատանդների հետ, որոնց կյանքը, նրա խոսքով, ՀԱՄԱՍ-ը ոչնչացրել է։
Դիմելով պաղեստինյան շարժման ղեկավարությանը եւ Գազայի բնակչությանը՝ ԱՄՆ նախագահը գրել է․ «Սա ձեր վերջին նախազգուշացումն է: Ղեկավարության համար հիմա ժամանակն է լքել Գազան, քանի դեռ դուք հնարավորություն ունեք: Նաեւ Գազայի ժողովրդին. Ձեզ գեղեցիկ ապագա է սպասում, բայց ոչ այն դեպքում, երբ պատանդներ եք պահում: Եթե դուք դա անենք, կմահանաք։ Խելացի որոշում կայացրեք։ Պատանդներին ազատեք հիմա, այլապես հետո դժոխային փոխհատուցում կունենաք»։
Հիշեցնենք՝ մարտի 1-ին ավարտվեց հունվարի կեսերին ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ու պատանդների ազատման համաձայնագրի առաջին փուլը, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը Իսրայելին վերադարձրեց 33 պատանդի, իսկ Իսրայելը բանտերից ազատեց հազարավոր պաղեստինցիների։