Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը նախօրեին մասնակցել են Իգդիր-Նախիջեւան 80 կիլոմետրանոց գազատարի բացման արարողությանը։
Էրդողանի խոսքերով՝ նոր նախագիծն ունի օրական մինչեւ 2 միլիոն խորանարդ մետր գազի փոխադրման հնարավորություն եւ կարող է Նախիջեւանի ամբողջական գազի պահանջարկը բավարարել առնվազն 30 տարի։
Ելույթում Էրդողանը հայտարարեց, որ Անկարան եւ Բաքուն խաղաղության, կայունության եւ բարօրության կողմնակից են։
«Մենք ցանկանում ենք միայն խաղաղություն մեր տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք համագործակցել եւ առաջ ընթանալ միասին։ Այս նպատակով մենք մինչ այժմ բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել։ Մենք ապացուցել ենք մեր անկեղծությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքերով՝ Իգդիր-Նախիջեւան բնական գազատարի նախագիծը Թուրքիային եւ Ադրբեջանին թույլ կտա կյանքի կոչել էներգետիկ ոլորտում նախկինում նախաձեռնած ռազմավարական նախագծերը։
«Այն նաեւ կդառնա մեր ընդհանուր ճակատագրի խորհրդանիշը Նախիջեւանի հետ»,- ավելել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարի խոսքերով՝ Բաքվի հետ հարաբերությունները շարունակում են զարգանալ տարբեր ոլորտներում՝ պաշտպանությունից մինչեւ առեւտուր։
Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են զարգացնել էներգետիկ համագործակցությունը՝ կյանքի կոչելով այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցումը, «որը երբեմն համարվում էր երազանք», Շահ Դենիզ գազային հանքավայրի շահագործումը, ինչպես նաեւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի գործարկումը։
Էրդողանը նշել է, որ ադրբեջանական բնական գազի զգալի քանակություն Եվրոպա է մատակարարվում Տրանսանատոլիական գազատարի (TANAP) միջոցով։
«Ինչպես Ադրբեջանը մեր կողքին էր մեր ամենադժվար օրերին, ներառյալ փետրվարի 6-ի երկրաշարժերը, այնպես էլ մենք միշտ կլինենք մեր եղբայրների կողքին, երբ նրանք մեր կարիքն ունենան։ Աստծո կամոք այս գործընթացը կշարունակենք՝ էլ ավելի ամրապնդելով մեր էլեկտրաէներգետիկ կապերը Նախիջեւանի հետ»,- հավելել է Էրդողանը։
Ալիեւն էլ իր ելույթում հայտարարել է, որ բարձր է գնահատում Թուրքական աշխարհի միավորման հարցում Էրդողանի ունեցած ներդրումը։