Ռուսաստանը չի պատրաստվում դիտորդի դերում մնալու, եթե ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվեն Ուկրաինայում «խաղաղապահներ» անվան տակ, եւ չի հանդուրժի Արեւմուտքի նման գործողությունները։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք չենք դիտելու նման գործողությունները (ՆԱՏՕ-ի «խաղաղապահ» զորախմբերի տեղակայումը Ուկրաինայում)։ Դա կդառնա ոչ թե այսպես կոչված հիբրիդային, այլ ՆԱՏՕ-ի երկրների ուղղակի, պաշտոնական եւ անթաքույց ներգրավվածություն Ռուսաստանի դեմ պատերազմին։ Եվ սա անթույլատրելի է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովը նաեւ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությանը, որում նա պնդել էր, որ Ռուսաստանը սպառնալիք է ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Ֆրանսիայի համար, եւ այդ վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է զորքեր ուղարկել Ուկրաինա։
«Մենք Ուկրաինայի տարածքում այդ զորքերի ներկայությունը կդիտարկենք նույն կերպ, ինչպես ՆԱՏՕ-ի հնարավոր ներկայությունը Ուկրաինայում։ Որովհետեւ, անկախ այն բանից, թե ինչ դրոշի ներքո կանցկացվի այս գործողությունը՝ Եվրոպական միության, զորքեր ուղարկող երկրների ազգային դրոշների, թե անգամ բանդերական զինված խորհրդանշանների համազգեստի վրա փակցված տարբերանշանների, միեւնույնն է, դրանք լինելու են ՆԱՏՕ-ի զորքեր, ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժեր»,- ընդգծել է Լավրովը։
Հիշեցնենք՝ վերջին շրջանում եվրոպական երկրները ակտիվ քննարկում են հակամարտության կարգավորման դեպքում Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս է հայտարարել, որ կողմ է այդ գաղափարին, որին, սակայն, չպետք է ներգրավվեն ամերիկացի զինվորականներ, եւ այն չպետք է գործի ՆԱՏՕ-ի դրոշի ներքո։
Մարտի 3-ին էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման ծրագիր են մշակել։ Դրա համաձայն՝ առաջարկվում է մեկ ամսով օդում եւ ծովում սահմանափակ հրադադար հաստատել, որը չի տարածվի ցամաքային մարտական գործողությունների վրա։ Ծրագրի երկրորդ մասով արդեն նախատեսվում է եվրոպական երկրների կողմից Ուկրաինա խաղաղապահ զորախումբ ուղարկել, սակայն դա պետք է տեղի ունենա միայն ավելի ուշ փուլում։