ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Ստեփանակերտում կառուցվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանը, եւ ավարտվել դրա կահավորումը:
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովի գլխավորությամբ և ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ապահովման մարմինների անմիջական մասնակցությամբ կարճ ժամանակում ռուս զինծառայողների համար բնակության և կենցաղի հարմարավետ, ժամանակակից պայմանների ստեղծման նպատակով կառուցվել է 30 բլոկ-մոդուլային ավան՝ նախատեսված 250, 60, 40, 30 և 15 մարդու համար:
Ավանը բաղկացած է 172 մոդուլից, դրանց թվում՝ բնակելի և վարչական, սանիտարա-համաճարակաբանական և հոսպիտալային բաժանմունքներ, վիրահատական բլոկ, ամբուլատորիա և մեկուսարան:
Մոդուլները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներին որակյալ օգնություն ցուցաբերելու համար:
Բժշկական ջոկատի պետ Մարատ Խատագովը հայտնել է, որ ԼՂ ռուսական խաղաղապահ զորակազմին ապահովելու նպատակով բժշկական ջոկատի համար կառուցվել է բլոկ-մոդուլային ավան՝ 40 մահճակալով: «Բաղկացած է ամբուլատոր բաժանմունքից, ընդունիչ-տեսակավորման բաժանմունքից, վիրաբուժական, վերակենդանացման, հոսպիտալային բաժանմունքից և երկու ինֆեկցիոն բաժանմունքներից: Մասնագիտացված բժշկական օգնություն տրամադրելու հնարավորություններն ամբողջ ծավալով ստացիոնար են: Պայմաններ են ստեղծվել անձնակազմի բնակության համար։ Սարքավորումներն այսօրվա դրությամբ լավագույններից են Ռուսաստանի Դաշնությունում»,- նշել է ջոկատի պետը։
Հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանի կառուցմամբ ամբողջությամբ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը: