Բաքվի դատարանն այսօր սկսել է 13 հայ գերիների՝ ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով Ադրբեջանի տարածք ապօրինի թափանցման գործով լսումները։
Ադրբեջանական դատարանն այսօր քննարկում է Եղիշ Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գեւորգի Գեւորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գեւորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գեւորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանը եւ Էդուարդ Արմենի Կիրակոսյանը գործը:
Բաքուն հայ գերիներին մեղադրում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարությունից հետո, «ապօրինի եւ գաղտնի մուտք գործելով ադրբեջանական տարածք` Ադրբեջանի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական, հետախուզական եւ այլ հանցավոր գործողություններ են կատարել»:
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի՝ հետաքննությունը պարզել է, որ «Հայաստանի մի խումբ քաղաքացիներ 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը ապօրինաբար հատել են Ադրբեջանի պետական սահմանը, հարձակումներ կատարել ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ առանձին անձանց վրա, կազմակերպել պայթյուններ, հրդեհներ եւ ահաբեկչական այլ գործողություններ»: