Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերը մայրաքաղաք Դամասկոսում հետ են մղել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների հարձակումները։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Ներքին անվտանգության վարչությունը հետ է մղել Դամասկոսի Մեզզե շրջանի անցակետի վրա տապալված ռեժիմի մնացորդների հարձակումը»,- հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի աղբյուրը։
Մարտի 6-ին Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի եւ Ասադի կողմնակիցների միջեւ բախումներ սկսվեցին Լաթաքիա, Տարտուս եւ Հոմս նահանգներում։ Ամենակատաղի մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որը հիմնականում բնակեցված է ալավիներով՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը:
Ըստ վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների սկզբից սպանվել է Ասադի շուրջ 250 կողմնակից, իսկ նոր իշխանությունների անվտանգության ուժերը կորցրել են 231 մարտիկի։
Լիբանանյան Al Nahar թերթի տվյալներով՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 973-ի։ Սպանվածների թվում կան կանայք եւ երեխաներ։ Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին։
Մարտի 9-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գրասենյակը հայտարարել է, որ պետության ղեկավարի հրամանով ստեղծվել է անկախ կոմիտե, որը պետք է հետաքննի երկրի արեւմուտքում սկսված բռնությունների հանգամանքները: