Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Կոենը կարգադրել է դադարեցնել Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Սա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ճնշումն ուժեղացնելու փորձ է, գրում է The Times of Israel-ը։
Kan ռադիոյի հաղորդմամբ՝ Իսրայելը Գազայի հատված էլեկտրաէներգիա մատակարարում էր ջրի աղազերծման կայանի գործադրման համար, որը հնարավորություն էր տալիս խմելու ջրով ապահովել տեղի բնակչությանը։ Միեւնույն ժամանակ Գազայում սպառվող էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում էր գեներատորների միջոցով, որոնց համար նախատեսված վառելիքը դադարեցվել է արդեն մեկ շաբաթ։
Նշենք նաեւ, որ մեկ շաբաթ առաջ՝ մարտի 2-ին, Իսրայելը արգելափակեց Գազա տեղափոխվող մարդասիրական օգնության մատակարարումը եւ փակեց բոլոր անցակետերը՝ դա կապելով ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի առաջարկած ծրագրից հրաժարվելու հետ:
Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է անվանել։
«Գազայի հատվածին էլեկտրամատակարարման դադարեցումը, ի թիվս այլ բաների, նշանակում է աղազերծման կայանների աշխատանքի կասեցում եւ, հետեւաբար, մաքուր ջրի մատակարարման դադարեցում»,- ընդգծել է Ալբանեզեն։