Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարում է երկրի արեւմտյան մեձծափնյա շրջաններում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Հուսեյն Աբդուլ Ղանին։
Հայտարարության համաձայն՝ երկրի անվտանգության ուժերը կատարել են իրենց առջեւ դրած խնդիրները։ Նշվում է, որ պետական կառույցները կարող են վերսկսել իրենց աշխատանքը՝ պատրաստվելով կյանքի բնականոն ընթացքին։
Պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ անվտանգության ծառայությունները հատուկ ծրագիր են մշակել, որը նպատակաուղղված է նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցների հարձակումները կանխելուն։
«Առաջիկա փուլում անվտանգության ծառայությունները միջոցներ կձեռնարկեն ակտիվացնելու իրենց աշխատանքը՝ քաղաքացիների կայունությունն ու բարեկեցությունն ապահովելու, ինչպես նաեւ անվտանգությունը պահպանելու համար»,- ասվում է Աբդուլ Ղանի հայտարարության մեջ, որը մեջբերում է SANA գործակալությունը։
Պաշտպանության նախարարության խոսնակը վստահեցրել է, որ վերջին իրադարձությունները հետաքննող հատուկ հանձնաժողովին «կտրվեն բոլոր հնարավորությունները տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, փաստերը ստուգելու եւ ճնշումների ենթարկվածների ադարությունը վերկանգնելու համար»։
Մարտի 6-ին Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի եւ Ասադի կողմնակիցների միջեւ բախումներ սկսվեցին Լաթաքիա, Տարտուս եւ Հոմս նահանգներում։ Ամենակատաղի մարտերը տեղի են ունեցել Ջեբլա քաղաքում, որը հիմնականում բնակեցված է ալավիներով՝ կրոնական փոքրամասնություն, որին պատկանում է Ասադների ընտանիքը:
Ըստ վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների սկզբից սպանվել է Ասադի շուրջ 250 կողմնակից, իսկ նոր իշխանությունների անվտանգության ուժերը կորցրել են 231 մարտիկի։
Լիբանանյան Al Nahar թերթի տվյալներով՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 973-ի։ Սպանվածների թվում կան կանայք եւ երեխաներ։ Զոհերի մեծ մասը պատկանում է ալավիական համայնքին։
Մարտի 9-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գրասենյակը հայտարարել է, որ պետության ղեկավարի հրամանով ստեղծվել է անկախ կոմիտե, որը պետք է հետաքննի երկրի արեւմուտքում սկսված բռնությունների հանգամանքները: