Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված օրդերի հիման վրա ձերբակալվել է Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ մարդկության դեմ հանցագործությունների գործով։ Այդ մասին հայտնում է Manila Bulletin-ը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։
Դուտերտեն ձերբակալվել է մարտի 11-ի առավոտյան Մանիլայի օդանավակայանում՝ Հոնկոնգից ժամանելուց հետո, հայտնել են Ֆիլիպինների նախագահի գրասենյակից։ Ձերբակալման օրդերի պաշտոնական պատճենը փոխանցվել է Մանիլայի Ինտերպոլին։
ՄՔԴ-ն հետաքննություն է անցկացնում 79-ամյա Ռոդրիգո Դուտերտեի եւ այլ անձանց նկատմամբ՝ ենթադրյալ արտադատական մահապատիժների եւ մարդու իրավունքների խախտումների գործով, որ տեղի են ունեցել նարկոկարտելների դեմ պայքարի ընթացքում։
Ֆիլիպինների մարդու իրավունքների պաշտպանները նախկին նախագահին մեղադրում են ավելի քան վեց հազար մարդու մահվան համար, որոնք ենթարկվել են արտադատական հաշվեհարդարի։ Քաղաքական գործիչը բազմիցս է բացահայտ կոչ արել ֆիզիկապես ոչնչացնել թմրավաճառներին ու թմրամոլներին եւ հայտարարել, որ անձամբ սպանել է երեք թմրավաճառի։
Ռոդրիգո Դուտերտեն Ֆիլիպինների նախագահի պաշտոնը զբաղեցրել էր 2016-2022 թվականներին։ Ներկայում նրա դուստրը՝ Սառա Դուտերտե-Կարպիոն, զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը, սակայն փետրվարին նրա դեմ պաշտոնանկության գործընթաց է սկսվել։
Երկրի գործող նախագահը Ֆերդինանդ Մարկոս-ավագն է։ Նախագահական ընտրություններից հետո նրա եւ Դուտերտե-Կարպիոյի քաղաքական դիրքորոշումները տարանջատվեցին։
Ռոդրիգո Դուտերտեի նախագահության տարիներին Ֆիլիպինները դուրս էր եկել Հռոմի կանոնադրությունից, որի հիման վրա ստեղծվել էր Միջազգային քրեական դատարանը։