Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում սկսվել են ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի արտգործնախարարությունը։
Ուկրաինական պատվիրակության կազմում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը եւ նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։
Ամերիկյան պատվիրակության կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Սաուդյան Արաբիայում է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, ըստ հաղորդված տեղեկությունների, նա չի մասնակցելու բանակցություններին։
Ջիդդայում հանդիպումից առաջ Ռուբիոն հայտարարել էր, որ այս բանակցությունները «կարեւոր նշանակություն» կունենան Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության վերականգնման համար։ Նա նաեւ նշել էր, որ ԱՄՆ-ը դեռեւս հույս ունի ստորագրելու բնական պաշարների վերաբերյալ գործարքը, սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք այն կհամաձայնեցվի Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպման ժամանակ։