Եթե, թող թույլ տրվի այսպես ասել, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չհրապարակայնացներ «Երեքի դեկլարացիայի» իր ծրագիրը, Հայ ազգային կոնգրեսը, կարծում եմ, կհաղթահարեր հինգ տոկոսի շեմը եւ կմտներ ութերորդ գումարման Ազգային ժողով:
Նույնիսկ Արցախում ինձ ծանոթ հարյուրավոր մարդիկ էին զարմացած, թե ինչպես կարող էր Տեր-Պետրոսյանը համագործակցության առաջարկ անել Ռոբերտ Քոչարյանին: «Իսկ մարտի մե՞կը»,- ազնվորեն տարակուսում էին նրանք:
Պարզվեց, որ առաջին նախագահը ճիշտ էր նաեւ այդ հարցում՝ առանձին վերցրած ոչ մի ուժ գործող իշխանությանը հեռացնելու բավարար աջակցություն չունի: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում էր՝ ունի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին «միայն առողջություն էր մաղթում»՝ ակնհայտորեն դժգոհելով, թե նա ցանկանում էր «փակել նաեւ իր ճանապարհը»: Եվ ինչ-որ տեղ հպարտանում էր, որ «ինտրիգը հասկացել» ու մերժել է:
Քարոզարշավին նախորդած մեկ-երկու շաբաթների եւ մրցապայքարի օրերի նրա պահվածքն այնպիսին էր, կարծես Տեր-Պետրոսյանը «խնդրել էր, որ իր հեղինակության հաշվին մի քանի համակիրների պատգամավորական մանդատ եւ գործադիր իշխանությունում պաշտոն տա, եւ ինքը մերժել է»: Սխալ հաշվարկ, որի հիմքում իշխանության անզորության մասին թյուր պատկերացումն էր, կարծում եմ:
Քոչարյանին թվում էր, թե իշխանությունն «ընկած է փողոցում, մնում է մի փոքր նեղություն քաշել, կռանալ, վերցնել եւ ուղիղ գնալ Բաղրամյան 26»: Մինչդեռ ամենաթույլ իշխանությունն անգամ ամենաուժեղ մրցակիցն է: Մանավանդ Հայաստանի կարգի երկրում: Հատկապես այն բանից հետո, երբ պատերազմին հաջորդած առաջին օրերին եւ ՀՓՇ հանրահավաքների մի կրիտիկական պահի արծարծվել եւ անկատար էր մնացել ռազմական հեղաշրջման գաղափարը: Նման բաների նկատմամբ հանրությունը չափազանց զգայուն է:
Մարդիկ տասներեք տարի անց առաջին նախագահին հիշեցնում են մարտիմեկյան «անվճռականությունը»: Ուր մնաց, թե չհիշեն «ընդդիմության միասնական թեկնածու» Վազգեն Մանուկյանի բեմադրած կլոունադան: Կամ՝ Գլխավոր շտաբի դեմարշը եւ մի քանի օր անց «լուռ հպատակությունը» Փաշինյանին: Հանրապետության հրապարակում հնարավոր է նույնիսկ հիսուն հազար ճոթռբերան հավաքել: Բայց դրանից չպետք է բխեցվեր, որ «հաղթանակը գրպանում է», եւ հայտարարել, թե մի քանի օր հետո, որտեղ էլ լինեն, «փեշերից քաշելու, բերելու եւ պատասխանատվության են ենթարկելու» իմքայլականներին:
Ամբողջ քարոզչությունը կառուցված էր «դավաճանության», «անկարողության եւ «արկածախնդրության» կանխավարկածի վրա: Այնքան, որ երկրորդ նախագահը թույլ տվեց սուր քննադատության ենթարկել Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության արարողության կազմակերպումը: Ընդ որում՝ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Դա խիստ տհաճ էր, վանող եւ չէր կարող չազդել հանրային տրամադրությունների վրա:
Անհասկանալի եւ վիրավորական էր երկրորդ նախագահի աջակիցների վերաբերմունքը ժողովրդի մի շատ ստվար հատվածի նկատմամբ: Նրա թիմակիցներից մեկն իրեն թույլ էր տվել ասել, որ իրենց նախանձում են որպես հարուստ մարդկանց: Ֆեյսբուքը հեղեղված էր Փաշինյանի աջակիցների հասցեին ամենավերջին հայհոյանքներով, անեծքներով: Բանը հասել էր նրան, որ արցախցի բանաստեղծուհին հայաստանցիներին ցանկանում էր այն, ինչ վիճակվել է Արցախին:
Սա չէր կարող հակառակ ազդեցությունը չթողնել: Մարդկանց աչքից ոչինչ չի վրիպում: Փոխվել են ժամանակները, տեղեկատվական տեխնոլոգիաները՝ զարգացել: Ամեն ինչ դիտարկվում է, ֆիքսվում եւ տարածվում: Ֆորմալ առումով բողոքելով հանրությունը «սեւերի եւ սպիտակների բաժանելու» իշխանության վարքից՝ երկրորդ նախագահի քարոզչական թիմն ինքն ավելի խոր եւ վիրավորական բաժանարար էր գծել. «Ով քվեարկի Նիկոլին, թուրք է»:
Քարոզարշավի բոլոր օրերին հանրությունը միայն այն էր լսում, որ Քոչարյանը գալիս է «մեղավորներին պատժելու»: Ընդ որում, սոցիալական ցանցերում նրա աջակիցները «մեղավոր էին նշանակում» ոչ միայն վարչապետին, կառավարության անդամներին, այլեւ անխտիր բոլորին, ով չէր կիսում իրենց պատկերացումը, չէր համարում, որ Ռոբերտ Քոչարյանը Մեսիա է:
Ըստ երեւույթին, հանրության մի զգալի հատված Փաշինյանի օգտին քվեարկել է, որպեսզի իրեն ապահովագրի հետապնդումներից, հալածանքներից եւ հաշվեհարդարից: Երկրորդ նախագահն այդպես էլ չկարողացավ մտնել ժողովրդի սիրտը: Նրա նախընտրական հանդիպումները հիմնականում վատ բեմադրված ներկայացում էին հիշեցնում: Իշխանության համակարգային ուժին որպես հակակշիռ չհաջողվեց ձեւավորել հանրային անկեղծ էներգետիկա:
Այդ ամենը, սակայն, արդեն անցյալ է, պատմություն: Իրականությունը չափազանց դաժան է, որի միակ դասն այն է, որ հեղաբեկումնային քաղաքական պահը եթե բաց է թողնվում, ապա սոցիալական ընտրությունը կատարվում է անհատական օգտակարության սկզբունքով: Բոլորովին այլ էներգետիկա կլիներ, եթե «Երեքի դեկլարացիան» կյանքի կոչվեր: Այդ դեպքում կունենայինք էպոխա փակելու եւ նոր էջից սկսելու ընտրություն: Նիկոլ Փաշինյանը կասոցացվեր անցյալին, ավարտված, կորուստների, հուսալքության եւ նվաստացումների էպոխային, իսկ ազգային համաձայնության դաշինքը՝ արժանապատիվ խաղաղության, համերաշխության, վերագտնումի եւ բարեկեցության իրատեսական գալիքին:
Այդ հնարավորությունը, ինչպես ԼՂ կարգավորման դեպքում, ցավալիորեն բաց թողնվեց, մսխվեց: Եվ եթե առաջիկա մեկ-երկու տարում Հայաստանը քաղաքական ռենեսանս չունենա, ապա մեզ մռայլ ապագա է սպասում: Տեր-Պետրոսյանը մարգարե չէ, Տեր-Պետրոսյանը պետական գործիչ է: Նրա հետեւորդների բանակը սակավակազմ է, բայց պորֆեսիոնալ: Ապագան պրոֆեսիոնալ քաղաքականությանն է տրվելու:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։