Պակիստանի Բելուջիստան նահանգում զինված անջատողականները հարձակվել են գնացքի վրա, պատանդ վերցրել ավելի քան 450 ուղեւորի եւ վիրավորել մեքենավարին։ Այդ մասին հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Կվետտայից Փեշավար ուղեւորվող գնացքի վրա հարձակումն իրականացրել են «Բելուջիստանի ազատագրության բանակ» խմբավորման անդամները։ Նշվում է, որ նրանք կանգնեցրել են գնացքը թունելի ներսում։ CNN-ի տեղեկություններով՝ խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը եւ հայտարարել, որ պատանդներ ունի։
Բելուջիստանի կառավարության ներկայացուցիչ Շահիդ Ռինդը հայտնել է, որ իշխանությունները արտակարգ միջոցներ են ձեռնարկել, եւ բոլոր համապատասխան կառույցները մոբիլիզացվել են իրավիճակի կարգավորման համար։ Միջադեպի վայր են ուղարկվել անվտանգության ուժերը։
Ռինդի խոսքով՝ գնացքը Սիբի քաղաքի լեռնային շրջանում է, ինչը բարդացնում է դրա հասանելիությունը։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը եւ դիտարկում այն որպես հնարավոր ահաբեկչական գործողություն։
ԱՄՆ-ը «Բելուջիստանի ազատագրության բանակը» ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։