Հայաստանի եւ Հնդկաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։
Պատասխանելով Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցությունը խորացնելու մասին հարցին՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է․ «Ակնհայտ է, որ պաշտպանությունն այն ուղղություններից, այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ, եւ ես ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա: Բայց ես կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը եւ, մասնավորապես, Հնդկաստանում արտադրված որոշ հատուկ սարքավորումների ձեռքբերումը Հայաստանի կողմից նախատեսված չէ օգտագործվելու կամ, այնուամենայնիվ, որեւէ այլ իմաստով, այն ուղղված չէ որեւէ այլ՝ երրորդ կողմի դեմ»։
Հաջորդիվ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ, եւ Երեւանը ներգրավված է Բաքվի հետ խաղաղության բանակցությունների մեջ։
«Այսպիսով՝ մենք մեր պաշտպանական ոլորտը, մեր բանակը բարեփոխելու, մեր բանակը արդիականացնելու գործընթացում ենք, եւ այստեղ հնդկական փորձը որոշակի հատուկ ոլորտներում, ինչպես նաեւ Հնդկաստանում արտադրված սարքավորումները մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին, սա հայկական պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, եւ չկա մտադրություն՝ օգտագործելու այս համակարգերը որեւէ այլ՝ երրորդ կողմի դեմ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ «Հայաստանը չունի որեւէ ագրեսիայի մտադրություն որեւէ երրորդ երկրի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստան է առաքվել հնդկական «Աքաշ» զենիթահրթիռային համակարգի առաջին մարտկոցը։
Հնդկական The New Indian Express պարբերականը նշում է, որ Երեւանն ու Դելին շուրջ 6000 ռուպի քուրոր արժողությամբ (շուրջ 710 մլն դոլար) 15 «Աքաշ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը կնքել էին 2022 թվականին։
Ավելի ուշ էլ հնդկական Ani news-ը գրեց, որ Հնդկաստանը սկսել է Հայաստանին մատակարարել նաեւ «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։