Կիեւն ու Վաշինգտոնը Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած բանակցությունների ընթացքում քայլեր են ձեռնարկել կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Այդ մասին նշված է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված ամփոփիչ հայտարարության մեջ։ Բանակցությունները տեւել են ինը ժամ։
Նշվում է, որ Կիեւը համաձայնել է Ռուսաստանի հետ 30-օրյա զինադադարին՝ ամերիկյան աջակցության ամբողջական վերականգնման դիմաց, որը կներառի նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարի առաջարկը վերաբերում է ոչ միայն օդում եւ ծովում, այլ նաեւ ռազմաճակատի ամբողջ գծով մարտական գործողությունների դադարեցմանը։
Կողմերը նաեւ պայմանավորվել են հնարավորինս շուտ համաձայնագիր կնքել հազվագյուտ մետաղների վերաբերյալ։
Պատվիրակությունները համաձայնեցրել են ձեւավորել բանակցային խմբեր եւ անհապաղ սկսել խորհրդակցություններ՝ «կայուն խաղաղության հաստատման համար, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը»։
«Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհասցնի այն ուղերձը, որ նրա փոխադարձ քայլերը խաղաղության հասնելու բանալին են»,- բանակցություններից հետո տելեգրամյան էջում գրել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հույս է հայտնել, որ Ռուսաստանը ամենամոտ ժամանակահատվածում կընդունի հրադադարի առաջարկը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացրել է կոնկրետ քայլեր եւ առաջարկներ հակամարտության լուծման ուղղությամբ։ Նա նաեւ նշել է, որ առաջիկա օրերին կզրուցի Ռուսաստանի ներկայացուցչի հետ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը նշել է, որ ամերիկյան եւ ուկրաինական կողմերի բանակցությունները անցել են դրական եւ կառուցողական մթնոլորտում։
Ուկրաինական կողմի հայտարարության մեջ նշվում է, որ պատվիրակությունները քննարկել են նաեւ խաղաղ գործընթացի շրջանակում հումանիտար ջանքերի կարեւորությունը՝ ներառյալ ռազմագերիների փոխանակումը, կալանավորված քաղաքացիական անձանց ազատ արձակումը եւ բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը։
Մոսկվան դեռեւս չի մեկնաբանել Ջիդդայում կայացած հանդիպումը։ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ բանակցություններն ավարտվել են, եւ դրանց շարունակություն չի սպասվում։