Ռուս-ուկրաինական պատերազմում 30-օրյա հրադադարի ռեժիմի շուրջ քննարկումները կմեկնարկեն «հաջորդ շաբաթ», այսինքն՝ մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ կայացած բանակցություններից հետո, հայտնում է «Укринформ»-ը։
«Մենք արդեն պայմանավորվել ենք, որ հաջորդ շաբաթ տեխնիկական փորձագիտական մակարդակով թիմերը կսկսեն քննարկել բոլոր մանրամասները»,- ասել է Երմակը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է քննարկի ռուսական կողմի հետ այն առաջարկները, որոնք մշակվել են ամերիկա-ուկրաինական բանակցությունների ընթացքում։ «Այս հանդիպումից հետո հիմնական բանալին հենց ռուսական կողմի ձեռքում է։ Եվ ամբողջ աշխարհը կտեսնի, թե ով է խաղաղություն ուզում, իսկ ով՝ միայն խոսում այդ մասին»,- հայտարարել է Երմակը։
Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչները համաձայնել են ԱՄՆ-ի առաջարկին՝ 30-օրյա ժամանակավոր հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ։ ԱՄՆ իշխանությունները նաեւ խոստացել են անհապաղ վերականգնել Ուկրաինային զենքի մատակարարումները, որոնք վերջին օրերին դադարեցվել էին։ Զուգահեռաբար կվերականգնվի նաեւ հետախուզական տվյալների փոխանակումը։ Վաշինգտոնը խոստացել է բանակցությունների արդյունքները փոխանցել Ռուսաստանին։