Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն արդեն դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, այսօր մեկ այլ՝ «բաճկոնների գործով» դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:
Դատարանը նույն գործով մեղադրվող պետական պաշտպանության հատուկ գործակալության նախկին պետ Թեիմուրազ Ջանաշիային դատապարտել է 300 հազար լարի տուգանքի։
Սաակաշվիլին Facebook-յան գրառմամբ հայտարարել էր՝ ցանկանում է մասնակցել դատավարությանը, որտեղ պետք է հրապարակվի իր գործերից մեկի վերաբերյալ վճիռը։
Նա արդեն դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման Սանդրո Գիրգվլիանիի սպանության եւ Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար, ինչը, ի թիվս այլ մեղադրանքների, նա համարում է քաղաքական դրդապատճառ։
«Բաճկոնների գործից» հետո Սաակաշվիլիի դեմ հարուցված գործերի վերանայումն ամբողջական չէ.
- Նա մեղադրվում է նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության վրա 2007 թվականին հարձակվելու համար:
- Մյուս մեղադրանքը վերաբերում է 2021 թվականին «սահմանի ապօրինի հատմանը»:
2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ Ուկրաինայից գաղտնի ժամանած Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին։ Այդ ժամանակվանից նա կալանքի տակ է։ Երկարատեւ հացադուլից հետո 2022 թվականի մայիսի 12-ին Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկից նա տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա, որտեղ շարունակում է բուժումը մինչ օրս։
Նորայր Միսկարյան