Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը եւ պայմանավորվել են կանոնավոր կապեր պահպանել։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱՀԾ մամուլի վարչությունը։
Հայտարարության տեքստում ասվում է, որ «համաձայնություն է ձեռք բերվել կանոնավոր կապեր պահպանելու ԱՀԾ-ի եւ ԿՀՎ-ի տնօրենների միջեւ՝ միջազգային կայունությունն ու անվտանգությունը ապահովելուն աջակցելու, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերություններում առճակատումը նվազեցնելու համար»:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների ֆոնին, որի արդյունքում Կիեւը համաձայնել է ժամանակավոր 30-օրյա հրադադար առաջարկել Ռուսաստանին։
Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է այս շաբաթ խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը առաջիկա օրերին հանդիպումներ կունենան Ուկրաինայի հարցով։
Մոսկվան դեռ պաշտոնապես չի արձագանքել ժամանակավոր հրադադարի վերաբերյալ Կիեւի առաջարկին։