Հայաստանի արտգործնախարարությունը հաստատում է որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է, և բանակցություններն ավարտվել են։
«Հայաստանի ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծում է, որ չնայած նման պայմանավորվածությանը՝ Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։
«Այսպիսով՝ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսելու խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության տեքստում։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտարարել, որ Երեւանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ու համաձայնեցրել վերջին երկու կետերը։
Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երեւանը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի ուղարկած 12-րդ առաջարկին՝ չբացառելով առաջիկայում համաձայնագրի ստորագրման կամ համաձայնեցման համար ադրբեջանական կողմի հետ քննարկումների հնարավորությունը։
Հիշեցնենք, որ թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։