Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն այն պետք է հանգեցնի «երկարաժամկետ խաղաղության»։ Այդ մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը հեռարձակել է բելառուսական պետական «Белта» լրատվամիջոցը։
«Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց հաշվի առնելով այն, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղության եւ կվերացնի այս ճգնաժամի նախնական պատճառները»,– ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։
Նրա խոսքերով՝ ուկրաինական կողմի համար լավ կլիներ հասնել 30-օրյա հրադադարի։ «Մենք էլ ենք կողմ [հրադադարին], բայց կան նրբություններ»,– ավելացրել է Պուտինը։
«Ի՞նչ ենք անելու Կուրսկի մարզում [Ուկրաինայի զինված ուժերի] մխրճված տարածքի հետ։ Եթե 30 օրով դադարեցնենք ռազմական գործողությունները, դա ի՞նչ է նշանակում։ Որ այնտեղ գտնվողները [ուկրաինական ԶՈւ զինվորները] կհեռանան առանց կռվի՞։ Պետք է թույլ տա՞նք, որ նրանք այնտեղից դուրս գան խաղաղ բնակչության հանդեպ գործած բազմաթիվ հանցագործություններից հետո։ Թե՞ Ուկրաինայի ղեկավարությունը նրանց հրաման կտա վայր դնել զենքերը եւ պարզապես հանձնվել։ Դա ինչպե՞ս է լինելու։ Անհասկանալի է։
Իսկ ինչպե՞ս են լուծվելու շփման գծի ամբողջ երկայնքով մյուս հարցերը։ Իսկ այն գրեթե երկու հազար կիլոմետր է։ Իսկ այնտեղ ռուսական զորքերն առաջ են շարժվում գրեթե բոլոր հատվածներում։ [․․․] Ինչպե՞ս է օգտագործվելու այս 30 օրը: Նրա համար, որ Ուկրաինայում շարունակվե՞ն հարկադիր զորահավաքները։ Նրա համար, որ այնտեղ զե՞նք մատակարարվի՞ Որ նոր մոբիլիզացված ստորաբաժանումները կարողանան վերապատրաստո՞ւմ անցնել։ Թե՞ սրանցից որեւէ մեկը չի արվելու։
Հետո հարց է առաջանում՝ ինչպե՞ս են լուծվելու վերահսկողության ու ստուգման հարցերը։ Ինչպե՞ս կարող ենք երաշխավորել, որ նման բան չի լինի։ [․․․] Ո՞վ է հրաման տալու դադարեցնել ռազմական գործողությունները։ Եվ ինչպիսի՞ն է լինելու այդ հրամանի գինը։ Գրեթե երկու հազար կիլոմետր շփման գիծ է, ո՞վ է հստակեցնելու թե, ով, երբ է խախտել կրակի դադարեցման հնարավոր համաձայնությունը»,- հարցադրել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը կարծում է, որ այս բոլոր հարցերը քննարկումներ են պահանջում եւ գուցե նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պուտինը հրադադարի գաղափարը ճիշտ է համարել եւ նշել, որ Մոսկվան կողմ է դրան, սակայն կան հարցեր, որոնք դեռ պետք է քննարկվեն։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատերազմի ավարտի շուրջ կբանակցի «ըստ նրա, թե ինչպես կզարգանա իրավիճակը գետնի վրա»։
Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ պատվիրակությունն առաջարկել էր 30-օրյա զինադադար հաստատել ճակատի ամբողջ երկարությամբ։ Կիեւն ընդունել էր այս առաջարկը։
Մարտի 13-ին Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ քննարկելու հրադադարի առաջարկը եւ երկկողմ հարաբերությունները։