ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խոստումնալից» է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ռուս-ուկրաինական պատերազմի 30-օրյա հրադադարի վերաբերյալ։ Նրա խոսքերը մեջբերում են Sky News-ը եւ Bloomberg-ը։
«Պուտինը հանդես եկավ շատ խոստումնալից հայտարարությամբ»,- ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Սակայն, ըստ ԱՄՆ նախագահի, այս հայտարարություններն «անավարտ» էին։
Թրամփը հաստատել է, որ պատրաստ է Պուտինի հետ քննարկելու հրադադարի առաջարկը։ Նրա խոսքերով՝ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այժմ «լուրջ բանակցություններ» է վարում Ռուսաստանում եւ, ըստ ակնկալիքների, շուտով կհանդիպի Պուտինի հետ։
«Հուսով եմ, որ Ռուսաստանը կգործի ճիշտ կերպով»,– հավելել է Թրամփը՝ նշելով, որ կցանկանար տեսնել, որ Ռուսաստանը դադարեցնում է ռազմական գործողությունները։
Ռյուտեի հետ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահը խոսել է նաեւ այն մասին, թե ինչ են քննարկել Վաշինգտոնի ներկայացուցիչները ուկրաինական պատվիրակության հետ հրադադարի համաձայնագրի շրջանակում։ Նրա խոսքերով, մասնավորապես, քննարկվել են տարածքների վերահսկողության, Զապորոժիեի ԱԷԿ-ի, ինչպես նաեւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։
«Մենք քննարկել ենք տարածքների հարցը, որովհետեւ չենք ուզում ժամանակ ծախսել հրադադարի վրա, եթե դրանում իմաստ չլինի։ Այնպես որ, մենք ասում ենք․ «Տեսե՛ք, սա կարող եք ստանալ, իսկ սա՝ ո՛չ»։ Քննարկվել է ՆԱՏՕ-ի եւ դրանում անդամակցության հարցը։ Բոլորը գիտեն պատասխանը, այն հայտնի է արդեն 40 տարի։ Վերջնական համաձայնագրի շատ մանրամասներ արդեն քննարկվել են։ Հիմա կտեսնենք՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է։ Եթե ոչ, ապա դա շատ հիասթափեցնող պահ կլինի ամբողջ աշխարհի համար»,– հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ-ը Ուկրաինային 30-օրյա հրադադարի առաջարկ էր արել մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների ժամանակ։ Կիեւն ընդունել էր այն։
Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով հրադադարի գաղափարը, նշել է, որ համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն այն պետք է հանգեցնի «երկարաժամկետ խաղաղության»։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ կան «նրբություններ» եւ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել համաձայնագրի ստորագրումից առաջ։ Դրանց թվում է Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը։