Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։
«Ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ասվում է Մակրոնի գրառման մեջ։
Je salue l’annonce de la finalisation des négociations entre l’Arménie et l’Azerbaïdjan.
Plus rien ne s’oppose désormais à la signature d’un traité de paix entre l’Arménie et l’Azerbaïdjan, qui doit ouvrir la voie à une paix durable dans le Sud-Caucase.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) March 13, 2025
Հիշեցնենք՝ երեկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։