«Արեւմտյան Ադրբեջանի» հարցը Երեւանի համար քննարկելի չէ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թուրքական լրատվականների հետ հարցազրույցում։
«Ադրբեջանն իրականում բարձրացնում է մի հարց, որն անվանում է «արեւմտյան Ադրբեջան»։ Եվ Ադրբեջանն «արեւմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70%-ը եւ մեզ հրավիրում է քննարկել «արեւմտյան Ադրբեջանի» հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքի 60-70 %-ն անվանելով «արեւմտյան Ադրբեջան»։ Մենք ասում ենք, որ Հայաստանում «արեւմտյան Ադրբեջան» չկա։ Եթե ուզում եք արեւմտյան Ադրբեջան փնտրել, արեւմտյան Ադրբեջան տեսնել, ցույց տալ՝ արեւմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեյի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի, եթե ինչ-որ տարածաշրջանի անուն մոռանամ, դա չի նշանակում դիտավորյալ բացթողում, բայց ես նկատի ունեմ՝ մենք կարող ենք քարտեզի վրա նայել եւ ասել, թե որն է արեւմտյան Ադրբեջանը։ Այստեղ է արեւմտյան Ադրբեջանը։ Այս գծից այս կողմ արեւմտյան Ադրբեջան չկա։ Շատ ցանկանալու բերումով նաեւ Նախիջեւանը կարելի է արեւմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով»,- ասել է Հայաստանի վարչապետը։
Հաջորդիվ Փաշինյանն ընդգծել է, որ Բաքուն փորձում է հումանիտար հարցերի տրամաբանության ներքո Երեւանին քննարկումների հրավիրել, այսպես կոչված, «արեւմտյան Ադրբեջանի» շուրջ։
«Իսկ ընդհանրապես, եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի, մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում եւ Սփյուռքում կան փախստականներ Նախիջեւանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից եւ այլն։ Մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, եւ հետեւաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հաջորդիվ հայտարարել է, որ նույն կերպ ընդունելի չէ «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դա տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի դեմ։
«Եթե խոսքը տրանսպորտային հաղորդակցության եւ տնտեսական հաղորդակցության մասին է, մենք բաց ենք եւ ասում ենք՝ այո՛, պատրաստ ենք, ինչպես արդեն ասացի, տարածաշրջանային, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության պայմաններով»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը երկաթուղու շահագործման առաջարկներ է արել եւ սպասում է Բաքվի պատասխանին։