ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի Gulfstream G650 ինքնաթիռը մարտի 14-ի գիշերը թռել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից, հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում կատարելով Flightradar24 ծառայության տեղեկություններին։
Ինքնաթիռը Մոսկվայից թռել է 01:54-ին, իսկ երկուսուկես ժամ անց՝ 04:30-ին, վայրէջք է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում։
«Известия» թերթն էլ իր կայքէջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես է Ուիթքոֆին տեղափոխող ավտոշարասյունը մուտք գործում «Վնուկովո» օդանավակայանի տարածք։
Կրեմլից նախօրեին հայտնել էին, որ Ուիթքոֆը պատրաստվում էր Մոսկվայում հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տունն էլ հայտարարել էր, որ Ուիթքոֆը բանակցություններ կանցկացնի Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի շուրջ։
Կրեմլի լրագրողները «Вы слушали Маяк»-ի տելեգրամյան ալիքում գրել են, որ Պուտինի աշխատանքային հանդիպումները ավարտվել են գիշերը 01:30-ին։ Արդյոք Ուիթքոֆին հաջողվել է հանդիպել Պուտինի հետ, դեռեւս անհայտ է։ Մինչ այս պահը ո՛չ Կրեմլը, ո՛չ Սպիտակ տունը չեն հայտնել հանդիպման կամ դրա չեղարկման մասին։
РЕН հեռուստաալիքի տվյալներով՝ մարտի 13-ի երեկոյան Ուիթքոֆը այցելել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն, որտեղ մնացել է մոտ մեկ ժամ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը կողմ է 30-օրյա հրադադար հաստատելու ԱՄՆ առաջարկին, սակայն, ըստ նրա, «որոշ նրբություններ կան»։ Պուտինը կարծում է, որ ժամանակավոր հրադադարին առնչվող շատ հարցեր քննարկում են պահանջում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հետ։ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պուտինի հայտարարությունը, այն անվանել է «խոստումնալից, բայց կիսատ»։