Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ քննարկումների ավարտի մասին հայտարարությունը։ Այդ մասին ասվում է Հայաստանում Իսլամական Հանրապետության դեսպանատան X-ի էջում հրապարակած գրառման մեջ։
«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի դրույթների շուրջ համաձայնության մասին լուրերը՝ համարելով դա անհրաժեշտ եւ կարեւոր քայլ է Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հասնելու համար։
ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ վեճերը երկխոսության միջոցով լուծելու կողմերի հանձնառության շնորհիվ շուտով ականատես կլինենք երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ տարածաշրջանում ամուր խաղաղության ու կայունության հաստատմանը»,- նշված է հայտարարության մեջ։
استقبال از تفاهم جمهوری آذربایجان و جمهوری ارمنستان بر سر موافقتنامه صلح
اسماعیل بقائی سخنگوی وزارت امور خارجه از خبر اعلام توافق جمهوری ارمنستان و جمهوری آذربابجان بر سر مفاد موافقتنامه صلح بین دو کشور استقبال کرد و آن را گامی ضروری و مهم برای نیل به صلح پایدار در منطقه قفقاز…
— IRI Embassy in Armenia (@iraninyerevan) March 14, 2025
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։