Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան նախօրեին՝ մարտի 13-ին, ստորագրել է երկրի սահմանադրական հռչակագիրը, որը դառնալու է Արաբական Հանրապետության իրավական հիմքը անցումային շրջանում։ Այդ մասին հաղորդում է Syria TV հեռուստաալիքը։
Հռչակագրի մշակման հանձնաժողովի հրապարակած դրույթների համաձայն՝ «երկրի անցումային շրջանը կտեւի հինգ տարի»։ Երկիրը կպահպանի «Սիրիայի Արաբական Հանրապետություն» անվանումը։ Դրա օրենսդրական բազան կձեւավորվի իսլամական իրավունքի (ֆիկհ) նորմերի հիման վրա։ Հանրապետության նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել միայն մուսուլմանը։
Երկրի գործադիր իշխանությունը կպատկանի նախագահին, իսկ օրենսդիր իշխանությունը՝ Ժողովրդական խորհրդին (խորհրդարանին)։ Սիրիայի նախագահը կունենա Սահմանադրական դատարանի անդամներ նշանակելու եւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու իրավունք։ Բացի այդ, սահմանադրական հռչակագրում նշվում է Սիրիայի դատական համակարգի անկախության մասին։
«Սահմանադրական հռչակագիրը Ժողովրդական խորհրդին լիազորություններ է տալիս նախարարներին հրավիրելու եւ հարցաքննություն իրականցնելու համար, բացի այդ, նախագահի պաշտոնանկության կամ նրա լիազորությունների սահմանափակման հարցը մնում է խորհրդի հայեցողությանը», – մեջբերում է հանձնաժողովի հայտարարությունը հեռուստաալիքը։
Հռչակագրում ամրագրված է լրատվամիջոցների՝ իրենց կարծիքն արտահայտելու, տեղեկատվություն հրապարակելու եւ լրագրողական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Փաստաթուղթը պարունակում է նաեւ դրույթներ «սեփականության իրավունքի երաշխիքների» մասին եւ սահմանում «աշխատանքի եւ կրթության՝ կանանց իրավունքը»։
Հռչակագրում ընդգծվում է, որ պետությունը հանձնառու է երկրի տարածքի եւ բնակչության միասնությանը, ինչպես նաեւ մշակութային տարբերությունների հարգմանը։
Սահմանադրական հռչակագրի մշակման հանձնաժողովը ձեւավորվել է մարտի 2-ին, որի կազմում ընդգրկված են եղել յոթ փորձագետներ, այդ թվում՝ երկու կին։