Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստում որեւէ դրույթ չկա, այսպես կոչված, միջանցքի մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների նիստին։
«Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որեւէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն՝ համագործակցելու տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում՝ նաեւ տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում»,- հայտարարել ՀՀ ԱԳ նախարարը։
Նա ընդգծել է, որ Երեւանի մոտեցումը ապաշրջափակման հարցում փոփոխություններ չի կրել, եւ դրանք հրապարակային են։ Միրզոյանը հիշեցրել է, որ Երեւանը կառուցողական առաջարկ է ներկայացրել Բաքվին:
«Առաջարկել ենք նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին՝ օգտվելու միմյանց երկաթուղային ցանցերից։ Կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնել սահմանազատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ, վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։ Հայաստանի բոլոր երկաթուղիները, ճանապարհները մնալու են եւ գործելու են Հայաստանի ինքնիշխանության ներքո եւ օրենսդրությանը համապատասխան»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը։
Միրզոյանը նաեւ նշել է, որ խաղաղության համաձայնագրում չկա որեւէ դրույթ այն մասին, որ մինչեւ Խորհրդային Միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տներ կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիներն ապրել են։