Վլադիմիր Պուտինը մարտի 13-ի ուշ երեկոյան Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով՝ հանդիպման ընթացքում «ռուսական կողմին են տրամադրվել լրացուցիչ տեղեկություններ», իսկ Պուտինը, իր հերթին, Ուիթքոֆի միջոցով Թրամփին է փոխանցել որոշ տեղեկություններ եւ «լրացուցիչ ազդակներ»։
Պեսկովը հավելել է, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ Պուտինի եւ Թրամփի զրույցը անհրաժեշտություն է։ Կրեմլի խոսնակը, առանց հստակ ժամկետներ նշելու, ասել է, որ նախագահների զրույցը կկայանա Ուիթքոֆի կողմից հանդիպման վերաբերյալ զեկույցը Թրամփին ներկայացնելուց հետո։
Բացի այդ՝ Պեսկովը նաեւ նշել է, որ Ուկրաինայում զինադադարի շուրջ բանակցությունների վերաբերյալ «զգուշավոր լավատեսություն ունենալու հիմքեր կան»։
Նրա խոսքեերով՝ Պուտինը աջակցում է Թրամփի դիրքորոշմանը «հակամարտության կարգավորման» հարցում, սակայն «ներկայացրել է որոշ հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է համատեղ պատասխաններ գտնել»։
Ուիթքոֆը մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում մասնակցել է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպմանը, իսկ մարտի 13-ին ժամանել Մոսկվա։
Նույն օրը Պուտինը Կրեմլում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում 30-օրյա հրադադար հաստատելու Վաշինգտոնի առաջարկին, սակայն «կան նրբություններ» եւ մի շարք հարցեր, օրինակ՝ ինչ անել Ուկրաինայի զինված ուժերի հետ Կուրսկի մարզում։
Դոնալդ Թրամփը Պուտինի հայտարարությունն անվանել է «խոստումնալից, բայց թերի»։