ԱՄՆ-ը եւ Իսրայելը կապ են հաստատել Սուդանի, Սոմալիի եւ չճանաչված Սոմալիլենդի կառավարությունների հետ՝ նպատակ ունենալով քննարկելու այդ երկրների տարածքները որպես Գազայի հատվածի պաղեստինցիների վերաբնակեցման վայր օգտագործելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաներին։
AP-ի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի եւ Իսրայելի առանձին շփումները այս հարցով սկսվել են փետրվարին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը հայտարարեց Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու եւ այնտեղի բնակչությանը հարեւան արաբական երկրներում վերաբնակեցնելու ծրագրերի մասին։
Աֆրիկյան երկրների հետ բանակցություններում հիմնական դերակատարությունը վերապահված է եղել Իսրայելին, սակայն գործակալությունը չի մանրամասնում, թե ինչ փուլում են դրանք եւ ում հետ են ընթանում։
Պաղեստինցիներին ընդունելու դիմաց Իսրայելը եւ ԱՄՆ-ն կարող են համապատասխան երկրներին առաջարկել ֆինանսական, դիվանագիտական եւ անվտանգության հետ կապված խթաններ, այդ թվում՝ պարտքերի մարման, զենքի, տեխնոլոգիաների եւ դիվանագիտական աջակցության տեսքով։
Սուդանում երկու պաշտոնյաներ հաստատել են, որ Թրամփի վարչակազմը դիմել է զինվորականների ղեկավարած կառավարությանը՝ առաջարկելով ընդունել պաղեստինցիներին, սակայն նշել են, որ այն «անմիջապես մերժվել է»։ Սոմալիի եւ Սոմալիլենդի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հայտնի չեն նման շփումների մասին։
AP-ն գրում է, որ հաշվի առնելով այս երեք երկրների աղքատության աստիճանը, իսկ որոշ դեպքերում հակամարտություններում ներքաշված լինելու հանգամանքը՝ պաղեստինցիների վերաբնակեցումից հետո հազիվ թե նրանք այնտեղ «երջանիկ» ապրեն, ինչպես փետրվարին խոստացել էր Թրամփը։