Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ բանակցությունների ավարտը։
«Մենք գնահատում ենքայս ուղղությամբ երկու կողմերի վերջին տարիների իրականացրած համառ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ»,- ասվում է հայտարարության տեքստում։
ԵՄ-ն առնաձնակի նաեւ ողջունում է տեքստի վերջնականացման ճանապարհ հարթելու համար Հայաստանի իրականացրած քայլը։
Հայատարարության տեքստում նշվում է, որ Երեւանի եւ Բաքվի հայտարարությունները վճռական քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ «Կարևոր է պահպանել այս դինամիկան և ապահովել գործընթացի անխափան ավարտը՝ երկու կողմերի նույն հեռանկարային և փոխզիջումային մոտեցմամբ»,-ասվում ԵՄ հայտարարության մեջ։
Եզրափակիչ հատվածում ԵՄ-ն հայտարարում է, որ «լիովին աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է տրամադրել հավելյալ աջակցություն ու փորձագիտական օգնություն, եթե կողմերը դրա կարիքն ունենան»։
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից համաձայնեցված չեն 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։