Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Հայտարարության տեքստում նաեւ նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից 2-ը դեռեւս համաձայնեցված չեն։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։