ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայանգրի շուրջ բանակցությունների ավարտը։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին եւ Ադրբեջանին պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու համար։ Սա երկու երկրներին հնարավորություն է ընձեռում շրջելու տասնամյակների վաղեմություն ունեցող հակամարտության էջը՝ ավելի խաղաղ աշխարհի համար նախագահ Թրամփի տեսլականին համահունչ։ Ժամանակն է պարտավորվել խաղաղության, ստորագրել եւ վավերացնել պայմանագիրն ու սկիզբ դնել Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջանին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։