ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել շրջափակման մեջ հայտնված ուկրաինացի զինվորականների կյանքերը փրկելու հարցով։ Այդ մասին նա գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում։
«Երեկ մենք շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ կան բոլոր հնարավորությունները, որ այս սարսափելի, արյունալի պատերազմն ի վերջո կավարտվի։ Բայց հիմա հազարավոր ուկրաինացի զինվորներ ամբողջությամբ շրջափակված են ռուսական բանակի կողմից եւ շատ վատ ու խոցելի վիճակում են։ Ես դիմել եմ նախագահ Պուտինին՝ նրանց կյանքը խնայելու հորդորով։ Դա կդառնար սարսափելի կոտորած, ինչպիսին չէր եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Թող Աստված օրհնի նրանց բոլորին»։
Թրամփի գրառումից պարզ չէ, թե խոսքը ինչ բանակցությունների մասին է։
Կրեմլը չի հայտնել Պուտին-Թրամփ բանակցությունների մասին, թեեւ նման զրույցի գաղափարը տարբեր ձեւաչափերով քննարկվում է արդեն մի քանի շաբաթ։ Մարտի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի եւ Թրամփի զրույցի ամսաթիվը դեռեւս համաձայնեցված չէ։
Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունները տեղի են ունեցել մարտի 13-ին փակ ձեւաչափով։ Ակնկալվում էր, որ նրանք ի թիվս այլ հարցերի քննարկելու էին Ուկրաինայում 30-օրյա հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը։
Սպիտակ տունը չի հայտնել, թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, սակայն նշել էր, որ Ուիթքոֆի այցի արդյունքը «զգուշավոր լավատեսություն» է հաղորդում։ Կրեմլն էլ, իր հերթին, հայտարարել է, որ հանդիպման ընթացքում «ռուսական կողմին տրամադրվել է լրացուցիչ տեղեկություն», իսկ Պուտինը Ուիթքոֆի միջոցով Թրամփին է փոխանցել որոշ տեղեկություններ եւ «լրացուցիչ ազդակներ»։