ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Այդ մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի խոսնակ Ալիսոն Հարթի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
«Ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը եւ անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում եւ կարեւոր նպաստ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասվում է գրառման մեջ։
We welcome the completion of negotiations on the peace agreement between Armenia and Azerbaijan and look forward to the treaty being signed and ratified. This is a significant step forward in the normalisation process and a boon to regional security.
— NATO Spokesperson (@NATOpress) March 14, 2025
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։