«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտարկում։
Առաքելության շրջանակում ներգրավվել է 580 դիտորդ, որոնք դիտարկել են 300 ընտրատեղամաս Հայաստանի ողջ տարածքում։ Ներգրավվել է նաեւ շրջիկ դիտորդներից բաղկացած 22 խումբ, որոնք այցելել են ընտրանքից դուրս գտնվող ավելի քան 150 ընտրատեղամաս, ինչպես նաեւ դիտորդներ, որոնք հսկել են 33 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումն իրականացվել է պատահական ներկայացուցչական ընտրանքի հիման վրա եւ ներառել է ձայների զուգահեռ հաշվարկ (ՁԶՀ):
ՁԶՀ-ն հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափելու քվեարկության օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը եւ արդյունքների ամփոփումը, ինչպես նաեւ քվեների բաշխումը:
Թեեւ դիտորդությունը չի ծածկում երկրի բոլոր ընտրական տեղամասերը՝ ընտրանքի վրա հիմնված ՁԶՀ մեթոդը թույլ է տալիս խոսել ընտրական գործընթացի եւ ստացված արդյունքների մասին համապետական մակարդակով։ Այն կարող է վերահաստատել կամ հարցականի տակ դնել քվեարկության արդյունքները՝ նպաստելով ընտրությունների հրապարակված արդյունքների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը կամ ընդհակառակը՝ վերհանելով հնարավոր խնդիրները։
«Ականատեսի» դիտարկման համաձայն՝ քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է քաղաքացիների շահագրգիռ եւ ակտիվ մասնակցության պայմաններում։ Գործընթացները հիմնականում իրականացվել են կազմակերպված, սահուն, առանց կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ, նկատվել է որոշակի լարվածություն զգալի թվով տեղամասերում՝ հիմնականում կապված կողմնակի անձանց ներկայության, ուղղորդումների, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի քանակի գերազանցման եւ վերահսկելի քվեարկության դեպքերի հետ։ Թեեւ ընտրախախտումներում նկատվել է տարբեր կուսակցությունների եւ դաշինքների («Պատիվ ունեմ», «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք», Հայ ազգային կոնգրես, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») ներկայացուցիչների մասնակցություն, դեպքերի ճնշող մեծամասնության պատասխանատուն եղել են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։
Մանրամասն՝ հղումով