Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրելու Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ երկկողմ հարաբերությունների ամբողջական կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հետ։
Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը եւ միջպետական հարաբերությունների հաստատումը։ «Աջակցում ենք այս կարեւոր քայլին՝ դեպի հայ-ադրբեջանական լիարժեք եւ համապարփակ կարգավորում, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածություններով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Նպատակ ունենք ամեն կերպ աջակցելու խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացմանը եւ Բաքվի ու Երեւանի միջեւ դեռեւս առկա հարցերի լուծմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, համատեղ սահմանագծման եւ հումանիտար հարցերի առնչությամբ՝ այն չափով եւ ձեւով, որը կլինի ընդունելի մեր գործընկերների համար։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը պատրաստ է այցելելու Բաքու եւ Երեւան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,- եզրափակել է Զախարովան։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։