ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրաքում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը։
«Այսօր Իրաքում սպանվել է «Իսլամական պետության» փախուստի մեջ գտնվող առաջնորդներից մեկը։ Մեր քաջարի զինվորականները անընդհատ հետապնդում էին նրան»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մարտի 14-ի երեկոյան։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը գործողությունն իրականացրել է Իրաքի կառավարության եւ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ մարտի 13-ին ԱՄՆ զինվորականները ավիահարված են հասցրել Իրաքի Ալ Անբար նահանգում, ինչի հետեւանքով սպանվել են «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբդուլլա Մաքքի Մուսլիխ ալ-Ռիֆային (նաեւ հայտնի որպես Աբու Խադիջա) եւ եւս մեկ ահաբեկիչ, որի անունը չի հրապարակվել։
CENTCOM-ը հայտնել է, որ Աբու Խադիջան եղել է ահաբեկչական խմբավորման «ամենակարեւոր անդամներից» մեկը։ Նա պատասխանատու էր «Իսլամական պետության» ահաբեկչական գործողությունների լոգիստիկայի եւ պլանավորման համար ամբողջ աշխարհում։ Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա ալ-Սուդանին նրան անվանել է «Իրաքում եւ աշխարհում ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը»։