ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
Ինչպես հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը, Ռուբիոն Լավրովին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ է սկսել Եմենում ընդդեմ «Անսար Ալլահ» շարժման, որի ներկայացուցիչները հայտնի են նաեւ հութիներ անվանմամբ։
Կողմերը քննարկել են նաեւ «Սաուդյան Արաբիայում վերջերս կայացած հանդիպումների արդյունքներով հետագա քայլերը եւ համաձայնեցրել են շարունակել աշխատանքները ԱՄՆ-Ռուսաստան կապերի վերականգնման ուղղությամբ»։
Ռուսական կողմը հրապարակման պահին չի մեկնաբանել Ռուբիոյի եւ Լավրովի հեռախոսազրույցը։
ԱՄՆ պետքարտուղարը եւ ՌԴ արտգործնախարարը անձամբ հանդիպել էին փետրվարին Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների շրջանակում։ Այդ մակարդակի հանդիպումը դարձել էր առաջինը Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր։ Մարտի 11-ին Ռուբիոն գլխավորել էր ամերիկյան պատվիրակությունը Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններում, որոնք նույնպես կայացել էին Սաուդյան Արաբիայում։
Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հրաման է տվել «անցնելու վճռական եւ հզոր գործողությունների»՝ ի պատասխան Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում ամերիկյան ռազմական նավերի եւ քաղաքացիական առեւտրային նավերի վրա հարձակումների։ Մարտի 16-ի լույս գիշերը ԱՄՆ-ը սկսել է օդային հարվածներ հասցնել հութիների հետ կապված թիրախներին։