ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականներին հրամայել է հարվածներ հասցնել Եմենի զեյդիական «Անսար Ալլահ» շարժման դիրքերին, որը հայտնի է նաեւ հութիներ անվանմամբ։
Տարվա սկզբին Սպիտակ տունը Եմենի հյուսիսային հատվածի մեծ մասը վերահսկող այս շարժումը ահաբեկչական կազմակերպություն էր ճանաչել։
«Մեր քաջարի օդաչուները այս պահին հարվածներ են հասցնում ահաբեկիչների բազաներին, նրանց առաջնորդներին եւ հակաօդային պաշտպանության համակարգերին՝ պաշտպանելու մեր նավերը, օդային միջոցներն ու նավատորմը եւ վերականգնելու ծովագնացության ազատությունը։ Ոչ մի ահաբեկիչ չի կանգնեցնի ամերիկյան նավերը ազատ նավարկությունից»,- ասվում է նախագահի Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
«Հայտնում եմ ահաբեկիչ հութիներին. ձեր ժամանակը սպառվել է։ Դուք պետք է դադարեցնեք հարձակումները հենց այսօր։ Հակառակ դեպքում ձեզ սպասում են այնպիսի դժոխային տառապանքներ, ինչպիսիք երբեւէ չեք զգացել»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։
Հութիների դեմ ռազմական գործողության մասին Թրամփը հայտարարեց, երբ շարժումը խոստացավ վերսկսել հարձակումները իսրայելական նավերի վրա, որոնք անցնում են Եմենի ջրային տարածքներով։ Հութիները նշել էին, որ իրենց գործողությունները պատասխան են Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացվող հումանիտար շրջափակմանը։ Այդ պահից ի վեր նավերի վրա հարձակումների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Շաբաթ երեկոյան հութիների կառավարությունը հայտնել է, որ ամերիկյան օդային հարվածների հետեւանքով զոհվել է 9 մարդ, եւս 9-ը՝ վիրավորվել, փոխանցում է AP-ը։ Հայատարարվել է պայթյունների շարքի մասին, որոնք գրանցվել են նաեւ մայրաքաղաք Սանայի օդանավակայանում։ Հութիները հայտարարել են, որ պատրաստվում են պատասխան հարված հասցնելու։