Մոսկվայում, ինչպես բազմաթիվ այլ մայրաքաղաքներում, տեղադրվելու է Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանը։ Հուշարձանի հիմնաքարը դրվել է երկրների միջեւ լարված հարաբերությունների ֆոնին։ BBC-ի այս հոդվածը, որը թարգմանված ներկայացնում ենք ստորեւ, պատմում է, թե ինչպես է հայր Ալիեւի կերպարը ծառայում ներկայիս ադրբեջանական դիվանագիտությանը։
ԲԱՄ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքերով՝ Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրման խնդրանքով Ռուսաստանի իշխանություններին է դիմել Բայկալո-Ամուրյան մայրուղու (ԲԱՄ) շինարարների ընկերակցությունը։ 1980-ականներին Ադրբեջանի ապագա նախագահ Հեյդար Ալիեւը ղեկավարում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հանձնաժողովը, որը զբաղվում էր ԲԱՄ-ի շինարարությամբ եւ զարգացմամբ։
Հեյդար Ալիեւը «համակարգում էր այդ շինարարությունը ինչպես սեփական զավակին»,- ասել է Ռուսաստանի Վետերանների միության փոխնախագահ Ալեքսանդր Բիչկովը «Առաջին ալիքի» հետ զրույցում։
Սոբյանինի խոսքերով՝ ԲԱՄ-ի աշխատակիցների դիմումը ստացվել էր դեռեւս նախորդ տարի՝ ԲԱՄ-ի շինարարության 50-ամյակի կապակցությամբ։ Մարտի 4-ին Ադրբեջանի դեսպանատան հարակից զբոսայգում դրվեց հուշարձանի առաջին քարը։
Մոսկվան փորձում է բարելավել հարաբերությունները Բաքվի հետ դեռեւս նախորդ տարվա վերջից, երբ Ակտաուի մոտակայքում վթարի ենթարկվեց Բաքվից Գրոզնի ուղեւորվող AZAL ավիաընկերության ինքնաթիռը։
Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի ՀՕՊ համակարգի կողմից։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից «ողբերգական միջադեպի» համար, սակայն չի ընդունել դրանում Ռուսաստանի պատասխանատվությունը։
Այդ դեպքից հետո Բաքվում փակվեց ռուսական մշակութային ներկայացուցչությունը՝ «Ռուսական տուն»-ը, ինչպես նաեւ ռուսական պետական «Sputnik» լրատվական գործակալության ներկայացուցչությունը։ Ադրբեջանի մեդիա դաշտում կրկին ակտիվացել է ռուսական դպրոցների փակման շուրջ քննարկումը։
Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրումը երկու երկրների համար կդառնա «կարեւոր մշակութային-հումանիտար իրադարձություն»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ «մեր երկրում մեծ ջերմությամբ եւ հարգանքով են վերաբերվում այս վառ, յուրօրինակ, տաղանդավոր մարդուն եւ պետական գործչին»։
Ադրբեջանի հանգուցյալ նախագահի հիշատակը պահվում է ոչ միայն Ռուսաստանում. 2003 թվականին՝ Ալիեւի մահից անմիջապես հետո, նրա հուշարձանները սկսեցին հայտնվել ամբողջ աշխարհում։
Հուշարձաններ են տեղադրվել սերբական Բելգրադում եւ Նովի Սադում, Բուխարեստում, Կիեւում, վրացական Թբիլիսիում եւ Ռուսթավիում, անգամ Կանադայում, Եգիպտոսում եւ Մեքսիկայում։
Ինչո՞ւ են Հեյդար Ալիեւի հուշարձաններ տեղադրում արտասահմանում
2007 թվականի վերջում Բաքվի արվարձանում տեղադրվեց Եգիպտոսի այն ժամանակվա նախագահ Հոսնի Մուբարաքի հուշարձանը, իսկ մի քանի ամիս անց Կահիրեում կանգնեցվեց Հեյդար Ալիեւինը։
Մեկ տարի անց Մուբարաքի հուշարձանի մոտ գտնվող դպրոց այցելեց նրա կինը՝ Սյուզան Մուբարաքը, որտեղ նրան պատմեցին, որ հատուկ դասընթացներ են անցկացվում, որոնք ներառում են երկու առաջնորդների «ժառանգության ուսումնասիրությունը»։
«Սա դարձել է ժամանակակից Ադրբեջանի արտաքին քաղաքականության նպատակներից մեկը՝ նոր հուշարձանների միջոցով ընդգծել երկրի ներկայությունը տարբեր երկրներում»,- 2011 թվականին նշել էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տնօրեն Քենան Ալիեւը։
Նա հավելել էր, որ այն երկրները, որոնք ձգտում են ստանալու տնտեսական արտոնություններ Ադրբեջանի հետ հարաբերություններում, նման նախաձեռնություններ կյանքի կոչելու պատրաստակամություն են հայտնում։
2011 թվականին՝ Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո, Կահիրեում ապամոնտաժվեց Ալիեւի հուշարձանը, իսկ Բաքվում՝ Մուբարաքինը։
2004 թվականին Հեյդար Ալիեւի հուշարձան տեղադրվեց նաեւ Թբիլիսիում, իսկ նրա անունով վերանվանվեց Կուր գետի մոտ գտնվող տարածքը։
Այդ ժամանակ Վրաստանի նախագահը Միխեիլ Սաակաշվիլին էր, որը ջերմ հարաբերություններ ուներ Իլհամ Ալիեւի հետ։ Բացի այդ՝ Վրաստանն ու Ադրբեջանը սերտ համագործակցում են նավթի, գազի եւ միջազգային հաղորդակցության ոլորտներում։
Բոլորին չէ, որ դուր է գալիս
«Պարոն Ալիեւի արձանը Մեխիկոյի համար կասկածելի պատիվ է, իսկ Մեխիկոն ոչնչով պարտական չէ Ալիեւին»,- 2013 թվականին հայտարարել էր Մեխիկոյի միջազգային հարցերի համակարգող Կուաուտեմոկ Կարդենասը։
Դրան նախորդել էր հասարակական արշավ հուշարձանի դեմ։ Քննադատներից մեկը պատմել էր, որ New York Times թերթում կարդացել էր Ալիեւի մասին մահախոսականը, որտեղ նա նկարագրվում էր որպես «Խորհրդային հատուկ ծառայությունների նախկին գեներալ, որը 30 տարի Ադրբեջանը պահել է երկաթյա բռունցքով. նախ՝ որպես խորհրդային առաջնորդ, իսկ հետո՝ որպես ընտրված նախագահ»։
Ադրբեջանի դեսպանատունը բողոքել էր այդ որոշման դեմ։ Բանն այն է, որ Բաքուն ֆինանսավորել էր ոչ միայն արձանի տեղադրումը Մեխիկոյի Ռեֆորմայի պողոտայում, այլեւ հարակից զբոսայգու բարեկարգումը, որի համար, ըստ լրագրողների հաշվարկների, ծախսվել էր շուրջ 5 միլիոն դոլար։
Այն ժամանակ Ադրբեջանի դեսպան Իլղար Մուխտարովը BBC-ն տված հարցազրույցում նշել էր, որ հուշարձանի կառուցումն ու այգու վերակառուցման աշխատանքները Մեքսիկային շնորհակալություն հայտնելու ժեստ էին՝ նրա համար, որ այդ երկիրը առաջիններից էր, որ ճանաչեց Ադրբեջանի անկախությունը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արձանի ապամոնտաժմանն ի պատասխան Բաքուն սառեցրել էր Մեքսիկայում գրեթե 4 միլիոն դոլարի ներդրումային նախագծերը։
Զբոսայգիները որպես հավելում
Երկրները պատրաստ են ընդունելու Հեյդար Ալիեւի հուշարձանները ոչ միայն դիվանագիտական փոխհարաբերությունների շրջանակում, այլեւ հավանաբար այն պատճառով, որ հուշարձանի տեղակայմանը հաճախ ավելանում է դրա շրջակա տարածքի բարեկարգումը։
Աստրախանում Ալիեւի արձանի հարեւանությամբ Ադրբեջանի ֆինանսավորմամբ կառուցվել է «Բարեկամություն» հետիոտնային կամուրջը եւ Հեյդար Ալիեւի անվան պուրակը։ Կամուրջը Ադրբեջանի բյուջեի համար արժեցել է մոտ 1,3 միլիոն դոլար։
Կիեւում հուշարձանի շուրջը ստեղծվել է մուրալներով ձեւավորված արեւելյան ոճի պուրակ, աստիճանաձեւ այգի եւ շատրվան։ Շինարարությունն իրականացվել է Ադրբեջանի պետական SOCAR նավթային ընկերության միջոցներով, իսկ բացման արարողությանը մասնակցել է դրա նախագահը։
Բելգրադում Ալիեւի հուշարձանը տեղադրված է Տաշմայդան զբոսայգում, որը կրկին վերակառուցվել է Ադրբեջանի ֆինանսավորմամբ։
Միակ առաջնորդը
Ադրբեջանի ռեպրեսիաներից փախած ընդդիմադիրները երբեմն Եվրոպայում ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել Ալիեւի հուշարձանները։
Նրանց հայրենիքում Հեյդար Ալիեւի արձաններ կան բացարձակապես յուրաքանչյուր քաղաքում։ Նրա անունով կոչվել են օդանավակայաններ, պուրակներ, մզկիթներ, մարզահամալիրներ, գործարաններ եւ շատ այլ օբյեկտներ։
Հեյդար Ալիեւը միակ անցյալի առաջնորդն է, որի հիշատակը թույլատրելի է հրապարակավ հարգել։ Նրա կենդանության օրոք նման իրավունք ուներ միայն 1918 թվականին Ադրբեջանի առաջին հանրապետության հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեն, սակայն Իլհամ Ալիեւի օրոք ապամոնտաժվում են նաեւ նրա հուշարձանները։
Թեև ոչ բոլոր ադրբեջանցիներին է դուր գալիս Ալիեւ ավագի անձի պաշտամունքը, սակայն դրան դեմ արտահայտվելը վտանգավոր է։
Մայիսի 10-ը՝ Հեյդար Ալիեւի ծննդյան օրը, նշվում է որպես «Ծաղիկների տոն»։ 2016 թվականին՝ տոնակատարությունների նախորդող գիշերը, երկու անարխիստներ՝ Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմը, Ալիեւի հուշարձանին գրել էին՝ «Շնորհավորում ենք ստրուկների տոնի կապակցությամբ»։
Առավոտյան ոստիկանությունը նրանցից մեկի մոտ «գտավ» երկու կիլոգրամ հերոին։ Ադրբեջանցի օգտատերերը կատակով նշում էին, որ «ստրուկ» (qul) եւ «ծաղիկ» (gül) բառերը տարբերվում են ընդամենը երկու կետով, ուստի ակտիվիստներից յուրաքանչյուրը մեկ կիլոգրամ հերոին է ստացել՝ բացակայող կետերի դիմաց։
Մամեդովն ու Իբրահիմը բանտում անցկացրին գրեթե երեք տարի։
Հեյդար Ալիեւի ոչ պաշտոնական տիտղոսներից մեկը «Ազգի առաջնորդն» է։ Սակայն Բաքվում նրա բոլոր հուշարձանները խիստ հսկողության տակ են։
Ալիեւը՝ դրամատուրգների, երաժիշտների եւ բանաստեղծների փոխարեն
Որոշ վրացիներ գերադասում են Հեյդար Ալիեւի փոխարեն տեսնել հայտնի ադրբեջանցի ջազ երաժիշտ Վագիֆ Մուստաֆա-Զադեի հուշարձանը, որին ավելի շատ բան էր կապում Թբիլիսիի հետ։
2011 թվականին «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական ծառայության խմբագիր Չինգիզ Սուլթանսոյը բաց նամակ հղեց արտգործնախարարությանը՝ հարցնելով, թե ինչու է Ադրբեջանը ամբողջ աշխարհում Ալիեւի հուշարձաններ կանգնեցնում՝ սեփական մշակույթը, օրինակ՝ պոետներին, ներկայացնելու փոխարեն։
Նա պատասխան չստացավ, իսկ 2015-ին՝ «Ազատություն» ռադիոյի բյուրոյի փակվելուց կարճ ժամանակ անց, Սուլթանսոյը փախավ Եվրոպա։
«Այս իշխանության նպատակը ոչ թե Ադրբեջանի առաջխաղացումն էր, այլ ռեժիմի լեգիտիմացումը»,- ասում է Սուլթանսոյը։ «Բռնապետների հուշարձաններն ունեն մի առանձնահատկություն. վաղ թե ուշ դրանք ընկնում են, անգամ եթե դրանց համար միլիոններ ես ծախսել եւ վարկեր խոստացել։ Եթե նպատակը այլ լիներ, ապա Մեխիկոյում Ալիեւի փոխարեն կկանգներ միջնադարյան բանաստեղծ Նազիմիի հուշարձանը»։
Օրինակ՝ Ուկրաինան ավանդաբար աջակցում է Տարաս Շեւչենկոյի հուշարձանների տեղադրմանը, ինչպիսին 2008-ին հայտնվեց Բաքվում։
Սերբիան 2012 թվականին ադրբեջանական մայրաքաղաքում տեղադրեց ֆիզիկոս Նիկոլա Տեսլայի հուշարձանը ընդամենը մի քանի ամիս անց՝ Բելգրադում Հեյդար Ալիեւի հուշարձանի հայտնվելուց հետո։
Պետական գործիչների հուշարձանների տեղադրումը արտերկրում հազվադեպ երեւույթ չէ։
Նախորդ տարի Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուքում հայտնվեց Մաո Ցզեդունի հուշարձանը, որի բացմանը ներկա էին չինացի պաշտոնյաներ։ Այն կանգեցրել էին հենց չինացիները։ Միեւնույն ժամանակ հուշարձանի կողքին կառուցվել էր դպրոց։ Սա Մաոյի միակ հուշարձանն է Աֆրիկայում։
Արտասահմանում կան նաեւ Ղազախստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի ղեկավար եւ երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հուշարձանները։ 2005 թվականին նրա հուշարձանը տեղադրվեց Ուկրաինայի Կամենսկոյե քաղաքում, որտեղ Նազարբաեւը սովորել էր տեղական արհեստագործական ուսումնարանում, երբ 17 տարեկան էր։ 2012 թվականին նրա բրոնզե կիսանդրին հայտնվեց Մոլդովայի Կոմրատ քաղաքում։
Ադրբեջանի եղբայրական Թուրքիայում նույնպես կա հանգուցյալ առաջնորդի անձի պաշտամունք։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը համարվում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը։
Նրա հուշարձանները կարելի է գտնել Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Կուբայում։
Կուբան նույնպես այլ երկրներում առաջ է մղում իր հանգուցյալ առաջնորդի հուշարձանները։ Ֆիդել Կաստրոյի հուշարձանները կան Մեխիկոյում եւ Մոսկվայում։
Վլադիմիր Պուտինի հուշարձաններ նույնպես կան արտասահմանում։ 2019 թվականին Ղրղզստանի իշխանություններն իրենք տեղադրեցին նրա հուշարձանը, իսկ դրանից առաջ նրա անունով անվանակոչեցին լեռնագագաթներից մեկը։ Հարավային Օսիայում Ռուսաստանի նախագահի հուշարձանը կանգնեցրել է Ջամբոլատ Տեդեեւը՝ Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին մարզիչը։
Գերմանիայում բնակվող ադրբեջանցի սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցեւը Ալիեւի հուշարձանների տեղադրումը այլ երկրներում համարում է «պետությունների միջեւ հուշարձանների փոխանակման սիմվոլիկ պրակտիկայի» մի մաս եւ դիվանագիտության տարրերից մեկը քաղաքների, այսպես կոչված, քույրակցման պրակտիկայի հետ միասին։
Բայց եթե, օրինակ, Վրաստանը կանգնեցնում է բանաստեղծ Շոթա Ռուսթավելու, Ուկրաինան՝ բանաստեղծ Շեւչենկոյի հուշարձանը, ապա Ադրբեջանը հիմնականում առաջ է մղում միայն Հեյդար Ալիեւինը։