Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մշտադիտարկել է մոտ 500 միջազգային դիտորդ։
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատրուգալոսը նշել է, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին եւ լավ կազմակերպված, սակայն բեւեռացված եւ խաթարված էին ագրեսիվ հռետորաբանությամբ։
«Չնայած դժվարություններին եւ ընտրությունները կազմակերպելու համար շատ կարճ ժամանակահատվածին, մի կողմ դնելով բավականին բեւեռացած միջավայրը՝ կազմակերպվել են արդարացիորեն դրական ընտրություններ՝ առանց որեւէ կերպ խափանելու դրանց ժողովրդավարական բնույթը։ Մենք տեսել ենք որոշ չնչին տեխնիկական խախտումներ տեղամասերում, սակայն սա որեւէ կերպ կասկածի տակ չի դնում ժողովրդավարական եւ սահմանադրական կարգը»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ նշել է Կատրուգալոսը։
Ընտրությունների օրը ընդհանուր առմամբ խաղաղ է անցել, եւ դիտորդները դրական են գնահատել իրենց այցելած ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը։ Դիտորդները նկատում են, որ քարոզարշավի կարճ ժամանակահատվածում թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել, եւ ժողովրդավարական ընտրությունների առումով կարեւոր հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին ընդգծել է, որ իշխանությունները իրենց մանդատն իրականացրել են պրոֆեսիոնալ կերպով, այդուհանդերձ, ագրեսիվ, անձնավորված թշնամանքը միգուցե խաթարել է կառուցողականությունը։
Դիտորդների գնահատմամբ որոշ դեպքերում ճնշումներ են գործադրվել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի աշխատողների նկատմամբ, որպեսզի մասնակցեն քարոզչական միջոցառումներին, ձայների գնման եւ պետական ռեսուրսների չարաշահման մեղադրանքները շարունակվել են քարոզչության ամբողջ ընթացքում:
Վերջնական զեկույցը կլինի 2 ամսից։ Կարճ ակնարկ եղավ նաեւ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որը, ըստ դիտորդների, թերեւս լրամշակվել է, սակայն ժամանակի սղության պատճառով որոշ դրույթներ անորոշ են մնացել։
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենն ընդգծել է, որ թեպետ վերջերս ներմուծված ընտրական փոփոխությունները հանգեցրել էին թեկնածուների ցուցակներում կանանց ավելի մեծ ներկայացվածությանը, նրանք քարոզչության ընթացքում հիմնականում չեն մասնակցել քննարկումներին. «Կարեւոր է, որ կանայք ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաեւ հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվելու հասարակական եւ քաղաքական կյանքում»: