«Լոգարանի մեջ միշտ ջուր կար լցված. ծնողներս ասում էին՝ եթե տունը այրեն, կկարողանանք կրակը հանգցնել:
Դռները կոտրում էին ու տան մեջ սպանում հայերին: Մեր տուն էլ էին եկել, վերեւի թուրք հարեւանը բարի կին էր՝ պաշտոնյայի տիկին, մեզ չմատնեց, զինվորականներին համոզեց, որ հարեւանությամբ հայեր չեն ապրում, հավատացին, թողեցին գնացին, ողջ մնացինք: Մեր երեքսենյականոց տունը փոխանակեցինք Ջերմուկում չորսսենյականոց բնակարանի հետ, տանտերը ադրբեջանցի էր»,- սումգայիթյան դեպքերը, մանկության վախերը դեռ թարմ են 37-ամյա Էլինա Գրիգորյանի հիշողություններում:
Ջերմուկի դպրոցը, ապա Արցախի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի բաժինն ավարտելուց հետո Էլինան Շուշիի դպրոցներից մեկում աշխատանք է գտնում, ապա ընտանիք է կազմում, ծնվում են երեք երեխաները:
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դիմացի շենքերից մեկում Գրիգորյանների ընտանիքը հիփոթեքով տուն էր ձեռք բերել: Ամբողջությամբ նորոգել էին, մնացել էր միայն լոգասենյակը:
«Դատարկ տուն էր, ամեն անգամ նոր բան գնելիս ուրախանում էինք, 9 միլիոն դրամից վճարելու մնացել էր 3 միլիոնը, երբ վրա հասավ չարաբաստիկ պատերազմը: Ով կմտածեր, որ Շուշին կմնա թուրքերին: Հարեւան գյուղերից, Մարտակետից մարդիկ իրենց ունեցվածքը ապահովության համար բերում էին Շուշի»,- պատմում է Էլինան ու ցավով նշում, որ իրենց շենքը հիմնահատակ քանդել են, Ադրբեջանի կառավարությունը տեղում մզկիթ է կառուցում:
Ընտանիքով վերադարձել են Ջերմուկ, որտեղ եւ անցել էին Էլինայի պատանեկության տարիները, բայց կյանքի մեծ մասը Շուշիում ապրած կինը Արցախն է համարում իր տունը: Ծնողներն արմատներով Արցախից են՝ Քարին տակ գյուղից, տատն էլ Մարտունու Սպիտակաշենից է:
Փոքր երեխան վեց ամսական էր, երբ սկսվեց պատերազմը: Առաջին օրը ամուսինը երեխաներին ու կնոջը տանում է Քարին տակ՝ ծնողների մոտ, բայց հասկանալով, որ ամեն ինչ շատ լուրջ է, տեղափոխում է Ջերմուկ: Ամուսինը Շուշիի համար մղած մարտերում նոյեմբերի 5-ին ծանր վիրավորվում է: «Երկու ամիսը տասը տարվա պես անցավ»,- ասում է Էլինան: Ծնողների, ամուսնու ու երեք երեխաների հետ հիմա Ջերմուկում է ապրում:
Արցախի կառավարությունը Հադրութի ու Շուշիի բնակիչներին Ստեփանակերտում խոստացել է բնակարաններով ապահովել, պայմանով, որ. «Այնտեղ պետք է հինգ տարի բնակվենք՝ սեփականության վկայականը ստանալու համար: Հակառակ դեպքում տունը հետ կվերցնեն, բայց ես Շուշիում եմ ապրել, ունեցվածք եմ կորցրել, իրենք չեն փոխհատուցում, պայման են դնում, ստիպում են գնամ, այնտեղ ապրեմ: Ամուսինս առաջարկում է գնալ Ռուսաստան, ես էլ Արցախին եմ կապված, բայց Արցախում փակուղու մեջ ենք, մի ճանապարհ կա միայն, անվտանգության ոչ մի երաշխիք…»:
Շուշիի դպրոցը վերաբացվում է Ստեփանակերտում, Էլինային առաջարկել են աշխատանքը վերսկսել այնտեղ, բայց Ջերմուկից Արցախ հասնելն անհնար է, բնակֆոնդը սպառված է, վարձով տները՝ եւս: Ջերմուկի դպրոցից վերջերս աշխատանքի առաջարկ է ստացել, սեպտեմբերից կսկսի աշխատել:
«Պետք է աշխատես, որ քեզ մարդ զգաս: Իհարկե, ծանր եմ տանում կորուստը, բայց երբ մտածում եմ հարազատներ կորցրած ընտանիքների մասին, հասկանում եմ՝ մեր վիճակն անհամեմատ լավ է, ամուսնուս հրաշքով փրկվելուց հետո վերարժեւորել եմ ամեն մի օրս»:
Շուշիի հանրակրթական դպրոցում մաթեմատիկա դասավանդելու հետ Էլինան նաեւ տիկնիկագործությամբ էր զբաղվում սիրելի քաղաքում:
«Մայրս է շյուղերով գործել սովորեցրել, մինչեւ տիկնիկներ, խաղալիքներ գործելը Շուշիում գլխարկների, շարֆերի, մանկական հագուստի պատվերներ էի ընդունում: Մի օր Ստեփանակերտի թելերի խանութում վաճառողը հետաքրքրվեց՝ կարողանում եմ արդյոք հելյունով խաղալիքներ գործել, համացանցով տեսանյութեր դիտեցի, սովորեցի, ստացվեց: Հելյունագործ տիկնիկներս հայտնվեցին Ստեփանակերտի խանութներից մեկում, խանութի հետ իմ համագործակցությունը երեք տարի տեւեց, մեծ քանակությամբ պատվերներ էի ստանում»,- պատմում է Էլինան:
Պատերազմից հետո դժվար էր կյանքի բնականոն հուն վերադառնալ, շյուղերը ձեռքը վերցնել, թեեւ նախկինում Էլինան ամենից շատ գործելով էր թոթափում օրվա հոգնությունը:
«Ֆեյսբուքում մի կազմակերպության հայտարարություն տեսա, արցախցիներին աջակցում էին սեփական գործը սկսել, դիմեցի: Որոշ ժամանակ անց զանգահարեցին, առաջարկեցին նախնական գումար տրամադրել՝ թել, սինտեպոն, անհրաժեշտ նյութեր գնելու համար, առաջարկում էին նաեւ գովազդել ապրանքը»:
«ԱՄԻԱ» ՀԿ-ն էր, Սփյուռքի միջոցներն ու փորձը կիրառելով՝ օգնում է մարդկանց փոքր բիզնես սկսելու, իսկ պատերազմից հետո հիմնական թիրախը Արցախի տեղահանված բնակչությունն է դարձել:
«Թելերը պատվիրեցի, իրենք մուծեցին, ու սկսեցի գործել, խաղալիքների, տիկնիկների մի քանի նկար գցեցի Ֆեյսբուք, Ստեփանակերտից էին հիմնականում պատվիրում, դեկտեմբերին էլ մի կազմակերպություն 27 հատ ձմեռ պապ պատվիրեց, 90 000 դրամ փոխանցեցին: «ԱՄԻԱ» ՀԿ-ն գովազդեց իմ տիկնիկներն, ու շղթան բացվեց»,- պատմում է Էլինան: Հիմա կազմակերպության հետ մի նախագծի վրա է աշխատում, որը կոչվում է «Գործված աշխարհներ»:
«Գործված աշխարհներ»-ը 50/50 սմ չափսի գորգեր են, որոնց վրա երեխան խաղում է, տեղաշարժում կենդանիները, մարդուկները, ծառերը, պատկերներից ստանում նոր տեսարան: «Փորձնական տարբերակը լավ էր ստացվել, գյուղական կյանք էի պատկերել»,- պատմում է Էլինան:
Գունեղ ու էկոլոգիապես մաքուր խաղալիքներ պատրաստելիս կարեւոր է բնական հումքի, կտորի ընտրությունը։
«ԱՄԻԱ» ՀԿ հաղորդակցման մենեջեր Անժել Գասպարյանը նշում է, որ երեխաների համար անվտանգ ու զարգացնող խաղ է, պլաստիկ չէ, թելերը բնական են, բամբակից կամ ակրիլից, նուրբ ու կոկիկ:
Հիմա մշակում են, զարգացնում գաղափարը: Եթե շուկայում պահանջարկ լինի, նորաստեղծ ապրանքանիշը նաեւ այլ թեմաներով կպատրաստեն:
Էլինան շարունակում է ձեռագործ իրերի պատվերներ ընդունել: Ջերմուկում միայն ամռանն է հնարավոր տիկնիկներից, խաղալիքներից եկամուտ ստանալ, ամառային սեզոնից դուրս քաղաքի զբոսաշրջային կյանքը կանգ է առնում, հանգստացողները պակասում են, տիկնիկներ գնողները՝ եւս: Էլինայի տիկնիկներից շատերն այսօր օվկիանոսն են կտրել. որդին Կանադայում ապրող մի հայի հետ անգլերեն է պարապում, 40 խաղալիք էլ նրա կանադացի ուսուցիչն է պատվիրել:
«Խաղաղվում եմ տիկնիկ, խաղալիք ստեղծելիս, ներսումս կուտակված ջերմությունը փոխանցում եմ, որ երեխան էլ գրկելիս ջերմանա»:
Էլինան դեռեւս Շուշիում էր որոշել խաղալիքների, տիկնիկների կրպակ բացել, բայց այստեղ ամեն ինչ անորոշ է. կմնա Հայաստանում, թե կվերադառնա Արցախ, դեռ չգիտի, մի բան հստակ է՝ «նստել ու սպասել օգնության իմ խառնվածքին բնորոշ չէ. եթե կարող եմ ինքս ստեղծել, վաստակել իմ աշխատանքով, ինչո՞ւ չանեմ»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։