ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հնարավոր խաղաղության համաձայնագրի որոշ կետեր արդեն համաձայնեցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում մարտի 18-ի գիշերը։
«Վաղը առավոտյան ես խոսելու եմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի մասին։ Վերջնական համաձայնագրի բազմաթիվ տարրեր արդեն համաձայնեցվել են, սակայն դեռ շատ անելիք կա»,– գրել է Թրամփը։
Նա նաեւ հավելել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում ամեն շաբաթ զոհվում է մոտ 2500 զինվոր երկու կողմից, եւ «այս ամենին պետք է վերջ տրվի»։ «Ես անհամբերությամբ սպասում եմ նախագահ Պուտինի հետ զրույցին»,– նշել է Թրամփը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը մարտի 17-ին լրագրողներին հայտնել է, որ Թրամփը «վճռական է» խաղաղության համաձայնագրի կնքման հարցում, գրում է BBC News-ը։
Պատասխանելով հարցին, թե ինչի մասին է Թրամփը պատրաստվում խոսելու Պուտինի հետ` Լիվիթն ասել է. «Կա մի էլեկտրակայան Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին, որի շուրջ քննարկումներ եղել են ուկրաինացիների հետ, եւ նա [Թրամփը] այդ հարցին կանդրադառնա Պուտինի հետ իր վաղվա զրույցում»։
Հավանաբար խոսքը վերաբերում է Զապորոժիեի ատոմակայանին, որը ռուսական բանակը գրավել էր 2022 թվականի մարտին։
ԱՄՆ նախագահը մարտի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը արդեն քննարկում են «ակտիվների բաժանումը», «տարածքներն» ու էլեկտրակայանները։
«Կխոսենք հողի մասին, կխոսենք էլեկտրակայանների մասին, սա մեծ հարց է։ Բայց ես կարծում եմ, որ այդ ամենը կողմերը` Ուկրաինան եւ Ռուսաստանը, արդեն շատ են քննարկել։ Մենք արդեն խոսում ենք դրա որոշակի ակտիվների բաժանման մասին»,– ասել էր Թրամփը։
Ինչպես նշում է Bloomberg-ը, Թրամփի խոսքերը «հուշում են, որ բազմաթիվ որոշումներ արդեն կայացված են՝ անկախ այն հանգամանքից` դրանց մասնակցում է Ուկրաինան, թե ոչ»։ Գործակալությունը հավելում է, որ ԱՄՆ նախագահի քննադատները մտահոգություն են հայտնում, որ «նա կարող է զիջումների գնալ Ռուսաստանի օգտին առանց Ուկրաինայի համաձայնության»։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանելուց, թե ինչ թեմաներ են քննարկելու նախագահները իրենց զրույցի ընթացքում։