Իսրայելը սկսում է բնական գազի հանքավայրերի հետախուզումը իր տարածքային ջրերում։ Աշխատանքներ իրականացնելու լիցենզիա են ստացել իսրայելական NewMed Energy, բրիտանական BP եւ ադրբեջանական SOCAR ընկերությունները։
Ընկերությունների կոնսորցիումը հետախուզումը պետք է իրականացնի Իսրայելի տարածքային ջրերի հյուսիսային հատվածներում՝ մոտ 1700 քառակուսի կիլոմետր տարածքում։ Իսրայելի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ այս տարածքը նախկինում գրեթե չէր ուսումնասիրվել։
NewMed Energy-ն, BP-ն եւ SOCAR-ը հետախուզման իրավունքները շահել էին 2023 թվականի հոկտեմբերին, սակայն Գազայում սկսված պատերազմի պատճառով պայմանագիրը ստորագրվել է միայն այս տարվա մարտի 17-ին՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի Երուսաղեմ կատարած այցի ժամանակ։
Տարեսկզբին SOCAR-ը ձեռք էր բերել իսրայելական Tamar գազային հանքավայրի բաժնետոմսերի 10%-ը։ Գործարքը կնքվել էր Իսրայելի եւ Իրանի միջեւ աճող լարվածության պայմաններում։
Որոշ ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ` ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են «Աբրահամյան համաձայնագրերում» Ադրբեջանին ներգրավելու հարցը։ Հիշեցնենք, որ «Աբրահամյան համաձայնագրերը» կնքվել էին 2020 թվականին մի կողմից Իսրայելի եւ մյուս կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Մարոկկոյի, Սուդանի միջեւ՝ հարաբերությունների կարգավորման նպատակով, որի համար որպես միջնորդ հանդես էր եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Բաքվի մասնակցությունը համաձայնագրերին, ի թիվս այլ բաների, կարող է հրեական պետությանը օգնել վերականգնելու հարաբերությունները Թուրքիայի հետ։ Երկու երկրների հարաբերությունները լարվել էին Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի պաշտպանության բանակի սկսած ռազմական գործողություններից հետո։