Թբիլիսին տարածաշրջանի համար կարեւոր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայամանգրի շուրջ բանակցությունների ավարտը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։
«Վրաստանը միշտ աջակցել է իր հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերին, եւ մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ուղին եւ հայտարարել են խաղաղության պայմանագրի կնքման մասին, ինչը չափազանց կարեւոր է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, եւ ընդհանուր տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են։
Ժամեր անց այս տեղեկությունները հաստատեց Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։
Թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի 17 կետից շարունակում են չհամաձայնեցված մնալ 2-ը։ Դրանք վերաբերել են միջպետական սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը եւ միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի հետկանչմանը։