Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանակցություններ կսկսեն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի հրապարակած հայտարարության մեջ։
«Այսօր նախագահ Թրամփը եւ նախագահ Պուտինը խոսել են Ուկրաինայում խաղաղության եւ հրադադարի անհրաժեշտության մասին։ Երկու առաջնորդները համաձայնել են, որ այս հակամարտությունը պետք է ավարտվի կայուն խաղաղությամբ։ Նրանք նաեւ ընդգծել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։ Արյունն ու փողերը, որոնք Ուկրաինան եւ Ռուսաստանը ծախսում են այս պատերազմի վրա, ավելի նպատակահարմար կլիներ ծախսել իրենց ժողովուրդների կարիքների համար։
Այս հակամարտությունը երբեք չպետք է սկսվեր եւ վաղուց պետք է դադարեցվեր անկեղծ ու բարեխղճորեն տարվող խաղաղ գործընթացների միջոցով։ Առաջնորդները համաձայնել են, որ դեպի խաղաղություն տանող քայլերը սկսվում են էներգետիկ եւ ենթակառուցվածքային օբյեկտների գնդակոծության դադարեցմամբ, ինչպես նաեւ Սեւ ծովում հրադադարի իրագործման շուրջ տեխնիկական բանակցություններով, ամբողջական հրադադարով եւ մշտական խաղաղությամբ։ Այս բանակցությունները անմիջապես կսկսվեն Մերձավոր Արեւելքում»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Բացի այդ՝ Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արեւելքը «որպես տարածաշրջան, որտեղ հնարավոր է համագործակցել ապագա հակամարտություններից խուսափելու համար»։ Քննարկման մեկ այլ թեմա է եղել ռազմավարական զինատեսակների տարածման դադարեցման անհրաժեշտությունը։
«Երկու երկրների առաջնորդները համակարծիք են, որ Իրանը երբեք չպետք է ունենա Իսրայելը ոչնչացնելու հնարավորություն»,– նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահները բանակցությունների ընթացքում նաեւ համաձայնել են, որ երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը հսկայական առավելություններ կտա, որը կներառի խոշոր տնտեսական գործարքները եւ աշխարհաքաղաքական կայունությունը Ուկրաինայում խաղաղության հասնելուց հետո։
Հունվարին Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո սա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ նրա երկրորդ պաշտոնական հեռախոսազրույցն է։
Առաջին զրույցը կայացել է փետրվարի 12-ին, որի ընթացքում Թրամփն ու Պուտինը համաձայնել էին սկսել բանակցություններ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի դադարեցման վերաբերյալ։