Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական հակառակորդն է։ Այդ մասին հայտնում են AFP-ն եւ թուրքական ԶԼՄ-ները։
AFP-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է Իմամօղլուին նրա տանը, այժմ նա իրավապահների հսկողության տակ է։
Պետական «Anadolu» գործակալության տվյալներով՝ դատախազությունը թույլատրել է քաղաքապետի եւ եւս շուրջ 100 անձանց ձերբակալությունը, որոնց թվում են գործարարներ եւ լրագրողներ։ Նրանց ներկայացված մեղադրանքների թվում են հանցավոր կազմակերպության ղեկավարում եւ անդամակցություն, շորթում, կաշառք, անձնական տվյալների ապօրինի ձեռքբերում եւ տենդերի արդյունքների կեղծում։
Դատախազությունը, մասնավորապես, պնդում է, որ Ստամբուլի քաղաքապետը եւ «շատ այլ անձինք» հարկադրել են գործարարներին գումար տալ, անարդար շահույթ են ստացել եւ լվացել հանցավոր ճանապարհով ստացված միջոցները։ Իրավապահ մարմինները Իմամօղլուին անվանել են «հանցավոր կազմակերպության պարագլուխ»։
Ինքը՝ քաղաքապետ Իմամօղլուն, ձերբակալությունից առաջ X-ի էջում գրել է․ «Ժողովրդի կամքը չի կարող ճնշվել վախով կամ անօրինական գործողություններով։ Ես վստահում եմ իմ ճակատագիրը ոչ միայն Ստամբուլի 16 միլիոն բնակիչներին, այլեւ Թուրքիայի 86 միլիոն քաղաքացիներին եւ բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են ժողովրդավարությունն ու արդարությունը ամբողջ աշխարհում։ Ես անսասան եմ հիմնական իրավունքների եւ ազատությունների համար իմ պայքարում»։
The will of the people cannot be silenced through intimidation or unlawful acts. I stand resolute, entrusting myself not only to the 16 million residents of Istanbul but to the 86 million citizens of Türkiye and all who uphold democracy and justice worldwide. I stand firm in my… pic.twitter.com/bVb0HfYZnj
— Ekrem İmamoğlu (International) (@imamoglu_int) March 19, 2025
Նախօրեին էլ Ստամբուլի համալսարանը չեղարկել էր Էքրեմ Իմամօղլուի դիպլոմը՝ հղում անելով «ակնհայտ սխալին»։ ԶԼՄ-ների կարծիքով՝ սա զրկում է Ստամբուլի քաղաքապետին նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, քանի որ թեկնածուն պարտավոր է ունենալ համալսարանական կրթություն։ Իմամօղլուն այս որոշումը որակել է «անօրինական» եւ հայտարարել ակադեմիական համակարգին քաղաքական միջամտության մասին։
Մոտ մեկ տարի առաջ Էքրեմ Իմամօղլուն հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Այդ ժամանակ Թուրքիայի ավելի քան 30 շրջանների, այդ թվում՝ Ստամբուլի և Անկարայի ղեկավարներ դարձան ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ներկայացուցիչները։
Ստամբուլը Թուրքիայի խոշորագույն քաղաքն է, որտեղ բնակվում է ավելի քան 15 միլիոն մարդ։ 2023 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց եւ ընդդիմադիր կոալիցիայի փլուզումից հետո Էրդողանը հույս ուներ Ստամբուլը վերադարձնել իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վերահսկողության ներքո։