Հայաստանի պաշտպանության նախարարությունը արդեն երրորդ օրն է, ինչ հերքում է Բաքվից հնչող այն մեղադրանքները, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը։
Այսօր առավոտյան հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, թե մարտի 18-ի 22։20-ից մինչեւ մարտի 19-ի 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Գերատեսչությունը կրկին հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Դրանում նաեւ նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննելու Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
«Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախօրեին Բաքվի հայտարարություններին անդրադարձել էր նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ ընդգծելով, որ հայկական բանակը հրադադարի խախտման հրահանգ կամ պատճառ չունի։