ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պատվիրակությունները բանակցությունները կշարունակեն Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մարտի 23-ին։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի եթերում։
Ուիթքոֆի խոսքերով՝ ամերիկյան պատվիրակությունը բանակցություններում կղեկավարեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Հիշեցնենք՝ մարտի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցություններից հետո Սպիտակ տունն ու Կրեմլը հայտարարեցին, որ Ռուսաստանը համաձայնել է 30 օրով դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ռմբակոծությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը աջակցում է էներգետիկայի ենթակառուցվածքների դեմ հարվածներից հրաժարվելու առաջարկին։
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները նախորդ անգամ հանդիպել էին փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում։ Այդ ժամանակ ամերիկյան պատվիրակության կազմում էին Ռուբիոն, Ուոլցը եւ Ուիթքոֆը, իսկ ռուսական կողմից բանակցություններին մասնակցել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը եւ Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։