Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչների հետ մարտի 18-ին տեղի ունեցած հանդիպման փակ հատվածում հայտարարել է, որ Ռուսաստանը չի հավակնի «Օդեսային եւ Ուկրաինայի այլ տարածքներին», եթե խաղաղության բանակցությունների արդյունքում Ղրիմը, ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաեւ անեքսիայի ենթարկված Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը ճանաչվեն որպես Ռուսաստանի տարածք։ Այդ մասին իր հոդվածում գրել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
Կոլեսնիկովը, հղում կատարելով հանդիպմանը մասնակցած մի քանի գործարարների, գրում է, որ միջոցառման փակ հատվածում Պուտինը նրանց հետ խոսել է ոչ թե բիզնեսի, այլ Ուկրաինայի եւ խաղաղության բանակցությունների մասին։ Ռուսական առաջնորդն ընդգծել է, որ Ուկրաինան հնարավորություն ուներ, ինչպես նշում է Կոլեսնիկովը, «փոքր կորուստներով» բանակցություններ սկսելու Ղրիմի ճանաչման շուրջ։
«Հետո պարզ դարձավ, որ նրանք լսել չեն ուզում Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունների ինքնավարությունը ճանաչելու, վերջապես դրանց, ինչպես նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի Ռուսաստանի կազմում ճանաչելու մասին։ Եվ որքան հեռու էր տարվում այն կետը, որով կարելի էր կանգնեցնել Ռուսաստանին, այնքան քչանում էին պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունները»,- գրում է Կոլեսնիկովը։
Կոլեսնիկովի զրուցակիցների խոսքերով՝ Պուտինը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այժմ բանակցությունների հիմնական հարցն այն է, որ Ղրիմը, Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը ճանաչվեն որպես Ռուսաստանի մաս։ Հոդվածում չի հստակեցվում, թե ով պետք է դա անի՝ միայն Ուկրաինան, թե նաեւ ԱՄՆ-ը եւ Եվրոպան։
«Եթե դա տեղի ունենա մոտ ժամանակում, Ռուսաստանը չի հավակնի Օդեսային եւ Ուկրաինային պատկանող այլ տարածքների։ Բայց այս կետը նույնպես կարող է փոխվել, քանի որ «նրանք չեն հասցնում դիրքավորվել»։ Միեւնույն ժամանակ, հանդիպման մասնակիցները նշում են մի ընդհանուր դիտարկում. իրենց կարծիքով, Վլադիմիր Պուտինը հավատում է, որ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր է պայմանավորվել, եւ առհասարակ, նա իսկապես վստահում է Դոնալդ Թրամփին»,- գրել է «Կոմերսանտ»-ի թղթակիցը։
Պուտինի փակ հանդիպումը գործարարների հետ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից կարճ ժամանակ առաջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիեւի համար «կարմիր գիծ» է համարվում ուկրաինական օկուպացված տարածքները իրավականորեն ռուսական ճանաչելը։ Միեւնույն ժամանակ, Զելենսկին ընդունել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո որոշ տարածքներ կարող են դե ֆակտո մնալ Ռուսաստանի վերահսկողության տակ։
The New York Times թերթը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցից առաջ գրել էր, որ Ուկրաինայում մտավախություն կա, թե Դոնալդ Թրամփը կարող է համաձայնել Օդեսան հանձնել Մոսկվայի վերահսկողությանը։ Իսկ թե ինչի վրա են հիմնված այդ մտավախությունները, թերթը չի մանրամասնել։
Semafor-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Ղրիմի ռուսական տարածք ճանաչման հնարավորությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապագա խաղաղ համաձայնագրի շրջանակում։